«Սուրմալուի» պայթյունից հետո «Երևանի պահածոների գործարան» ընկերությունում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Դատախազության և Քննչական կոմիտեի պահանջով վերստուգել է առևտրի կենտրոնը, արդյունքում ավելի քան 60 խախտում արձանագրել: Ընդ որում՝ սա ավելի շատ է, քան օգոստոսի պայթյունից առաջ արձանագրվածը: Ստուգման արդյունքները փոխանցվել են գլխավոր դատախազություն:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ) - Տեսչական մարմնի կողմից կազմված ստուգման ակտն արդեն ենթադրում է, որ այս՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ: Համապատասխան իրավապահ մարմինները կորոշեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի հետագա շահագործման ճակատագիրը:
Տեսչական մարմինը «Սուրմալուի» տաղավարները ստուգել էր պայթյունից դեռ մեկ տարի առաջ, հայտնաբերել բազմաթիվ խախտումներ, տնտեսվարողի նկատմամբ կիրառել վարչական պատասխանատվության միջոց և սահմանվել խախտումների վերացման ժամանակացույց: Ոլորտի պատասխանատուներն այսօր էլ վստահեցնում են՝ ստուգման ժամանակ մասնագետները պայթուցիկ նյութերի պահեստավորում և կուտակում չեն արձանագրել:
«Սուրմալու» առևտրի կենտրոնը վերաբացվեց պայթյունից 20 օր հետո, այն այսօր աշխատում է ոչ ամբողջական ծավալով: Տեսուչները վերստուգման արդյունքում պարզել են, որ շինարարական հիմնատարրերը մշակված չեն հրապաշտպան լուծույթով, պահեստներում նյութերի պահման ընթացքում հաշվի չեն առնվել դրանց հրդեհավտանգ ֆիզիկաքիմիական հատկությունները, Էլեկտրամատակարարումն անջատող սարքերը չեն գտնվում պահեստից դուրս, շենքի միջանցքներում տեղակայված չեն հակածխային պաշտպանության համակարգ, պահեստները սարքավորված չեն հրդեհի ազդանշման ինքնաշխատ համակարգով, և հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին, հրդեհավտանգ ապրանքները պահեստավորված չեն հատուկ հարմարեցված պահեստներում:
Օգոստոսյան պայթյունից առաջ ու հետո տեսչականի մասնագետների ուշադրության կենտրոնում եղել է նաև «Սուրմալուի» հարևանությամբ գործող «Փեթակ» առևտրի կենտրոնը: Այստեղ ևս վերստուգման արդյունքում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, տնտեսվարողը նորից ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Ելենա Զոհրաբյան - Տեսչական մարմինի կողմից նորից արձանագրվել էին հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ: Վարույթ էր իրականացվել, և տեսչական մարմնի ղեկավարի որոշում կայացվեց, որով մենք դադարեցրինք «Փեթակ» առևտրի կենտրոնի գործունեությունը, սահմանեցինք նորից կարգադրագիր, որով պետք է տնտեսվարողը կատարեր համապատասխան շտկումները:
Հոկտեմբերին «Փեթակի« գործունեությունը դադարեցնելու որոշմանը հաջորդեցին վաճառողների բողոքի ակցիաները: Նրանք Կառավարությունից պահանջեցին բացել առևտրի կենտրոնը, մինչդեռ ոլորտը վերահսկող տեսչական մարմինը մարդկանց կյանքին և անվտանգությանը սպառնացող խախտումներ էր հայտնաբերել: Տեսչականի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը վստահեցնում է՝ տնտեսվարողը խախտումների 70 տոկոսը վերացրել է: Դրանք հիմնականում վերաբերել են տարածքի տարհանման ուղիներին, ելքերին, ներքին և արտաքին հրդեհաշիջման համակարգերին:
Ելենա Զոհրաբյան - Սահմանվել է ժամանակացույց և ընթացիկ փուլում է, տեսչական մարմինը պարբերաբար հետևողականորեն ստուգում է, թե ինչքանով են իրականացվում տվյալ միջոցառումները: Այս պահի դրությամբ խնդրահարույց կետերը «Փեթակ» առևտրի կենտրոնում շտկվել են:
«Սուրմալուի» պայթյունը խլեց 16 մարդու կյանք, անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի: Դատախազությունից «Լուրերին» տեղեկացրին, որ գործը նախաքննության փուլում է, նշանակվել է մի քանի փորձաքննություն: Դրանց մի մասն ավարտվել է, մյուսներն ընթացքի մեջ են: Երկու կալանավորված անձ կա, երկուսն էլ տնտեսվարողներ են: