«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրվող ճենապակե այս նյութերը Չինաստանից են, Մին հարստության շրջանից, 16-17-րդ դարերի, հայտնաբերվել են Գնդեվանքի տարածքում:
Աշոտ Փիլիպոսյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտքարտուղար) - 1981-ին վերանորոգման աշխատանքների ժամանակ բացված գանձի նյութերն են:
Երկու տասնյակ հնագիտական իրերով, երկու զեկուցումով՝ Հայաստանի պատվիրակությունը դեկտեմբերի 1-9 ը Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Հայաստանը ներկայացրել է երկու զեկուցում. առաջինը՝ «Միջնադարյան Հայաստանը Մետաքսի Մեծ ճանապարհին» զեկուցումը, որում ընդգծվում էր միջնադարյան Հայաստանի քաղաքների դերը և նշանակությունը, հայ-չինական առևտրային կապերի մասին, չինական հախճապակի, այդ թվում նաև Արցախից և Արցախի տարբեր քաղաքներից հայտնաբերված հնագիտական նյութեր, փաստեր:
Պահպանության ծառայության գլխավոր ֆոնդապահը ցույց է տալիս համաժողովին ներկայացրած բացառիկ բրոնզե սափորը, որը պատրաստվել է Չինաստանում Արցախի՝ Գյուլիստանի իշխան մելիք Հովսեփի պատվերով, արձանագրությամբ:
Լիաննա Գևորգյան (ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ) - Ուրեմն հայ վաճառականները այնքան պատիվ ունեին, հարգված էին Չինաստանում, որ կարող էին պատվերներ տալ և պատվերներ ընդունել: Հայաստանից նրանք տեղափոխում էին թանկարժեք քարեր, մետաղից պատրաստված իրեր:
Գունազարդ սափորը այժմ պահվում է Հունաստանում՝ հայ գործարարի մասնավոր հավաքածուում: Համաժողովին մասնակից 56 երկրի ավելի քան 1000 պատվիրակի մեջ նաև Ադրբեջանից են եղել: Զեկույցից հետո՝ լռել:
Աշոտ Փիլիպոսյան - Այս հանգամանքը հենց այն հիմնական կռվանն էր, որ ուզում էինք ցույց տալ համաժողովի մասնակիցներին: Մենք գրել էինք Նագորնիյ Կարաբախ, փակագծում՝ Արցախ և շատ ուզում էինք՝ ադրբեջանցիները տեսնեին: Որևէ բան չասեցին. զրո արձագանք, նույնիսկ ծափ տվեցին:
Հայաստանի պատվիրակության կազմում Կազան մեկնած ԱԳՆ ներկայացուցիչն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի պատվիրակներին հիշեցրել է՝ Արցախից օկուպացված տարածքներում Ադրբեջանի հակամշակութային քաղաքականության մասին. մատնանշել, որ միտումնավոր վերացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: