Ադրբեջանի, Վրաստանի և Հունգարիայի ղեկավարները Բուխարեստի Կոտրոցենի պալատում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ ստորագրել են կանաչ էներգիայի զարգացման և տրանսպորտի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
Գործարքի նպատակն է ապահովել էներգիա ստորջրյա փոխանցման տարբերակով, որը կարող է դառնալ էներգիայի նոր աղբյուր Եվրամիության համար՝ ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած էներգակիրների մատակարարումների սահմանափակման պայմաններում:
Համաձայնագիրը ենթադրում է մալուխի գործարկում, որն անցնում է Սև ծովի հատակով և Վրաստանի ու Ռումինիայի միջոցով կապում է Ադրբեջանը Հունգարիային: Համաձայանգիրը ստորագրելուց հետո Ուրսուլա ֆոն դեր Լայենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում:
«Այս փաստաթուղթը էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը Հարավային Կովկասի մեր գործընկերներին»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը: Ադրբեջանի նախագահն էլ նշել է, որ իրենց անհրաժեշտ է հուսալի շուկա երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսների համար:
«Մեր երկիրը ծրագրում է Եվրոպայի համար դառնալ էլեկտրաէներգիայի կարևոր մատակարար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
ՊՈՒՏԻՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Ռուսաստանի նախագահը հանդիպել է երկրի բարձրաաստիճան զինվորական ղեկավարների հետ, որոնք Վլադիմիր Պուտինին զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայում մարտական գործողությունների հրամանատար Սերգեյ Սուրովիկինը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:
Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ծանոթացել է մարտերում ներգրավված ռազմական ճյուղերի միասնական շտաբի աշխատանքներին։ «Երկրի ղեկավարը երեկ ամբողջ օրվա ընթացքում աշխատել է շտաբում, ծանոթացել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին զեկույցին, առանձին հանդիպումներ անցկացրել հրամանատարների հետ»,- ասել է Պեսկովը։
ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ, ՈՐ ՌԴ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԼԸ ԿՏՐՎԻ. ՇՈԼՑ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած կարծիքների լուրջ տարաձայնություններին, պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի: Շոլցը համոզմունք է հայտնել, որ չխոսելու դեպքում ՈՒկրաինայում ճգնաժամի վերացումն ավելի քիչ հավանական կդառնա: Նա խուսափել է ուղիղ պատասխան տալ լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստվում է հաջորդ տարի մեկնել Ռուսաստան և բանակցել հակամարտության ավարտի շուրջ:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ «երկարաժամկետ հեռանկարում» հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ գործակցությունը կարող է նորից իրատեսական դառնալ։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԸ ԴԵՌ ԽՆԴԻՐ Է
Ուկրաինայի էներգահամակարգում հզորության պակասը շարունակում է զգալի խնդիր լինել՝ հայտարարել է ազգային էներգետիկական Ukrenergo ընկերությունը: Մասնագետները պարզաբանել են, որ էլեկտրացանցերի շահագործումը բարդանում է եղանակային պայմանների պատճառով:
Ըստ Ukrenergo-ի՝ շարունակվում է ատոմակայանների բլոկները նախատեսված հզորության մակարդակին հասցնելու գործընթացը։ ՋԷԿ-երն աստիճանաբար վերականգնում են աշխատանքները, ՀԷԿ-երն աշխատում են ժամանակացույցով։
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը երեկ հայտնել էր, որ ամբողջ երկրում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վնասման պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են սկսվել: