ՀՀ քննչական կոմիտե էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի՝ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնպես էլ այլ ոլորտներում դեսպանատան հետ իրականացված համատեղ ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում հանցավորության նվազեցմանը և իրավապահ մարմինների ռեսուրսների զարգացմանը։
Նա շնորհակալություն է հայտնել պարոն Հոլովեյին արդյունավետ համագործակցության հաստատման գործում ունեցած ավանդի, ներդրած անձնական ջանքերի և Քննչական կոմիտեի հետ փոխվստահության վրա հիմնված գործընկերային ջերմ հարաբերություններ ունենալու համար։
Պարոն Հոլովեյը ևս շնորհակալություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում համատեղ արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ ԹՊԻՀ գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի գործակցությունը կշարունակվի վերընթաց հունով։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Ադի Հոլովեյը ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։
Պարգևը սիրով հանձնելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նրան մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։