44-օրյա պատերազմի օրերին Լոս Անջելեսում սկիզբ առած՝ թուրքական ապրանքների բոյկոտին զուգահեռ ձևավորվեց մեկ այլ շարժում՝ գնենք հայկականը։ Ստեղծվեց օնլայն հարթակ, որտեղ վերջին երկու տարիների ընթացքում գրանցվել ու սփյուռքին իրենց արտադրանքն են ներկայացնում Հայաստանի գործարարները. վերջերս միացել է նաև Արցախը։
Հայկական արտադրանքը խթանող այս հարթակը պարբերաբար կազմակերպում է նաև միջոցառումներ, որտեղ ամերիկահայերը կարող են հանդիպել հայ արտադրողին, տեսնել նրա աշխատանքի արդյունքը և գնահատել դրա որակը։
Լիլիթ Օդաբաշյան (Buy Armenian նախաձեռնության համահիմնադիր) - Մեր շարժումը կըսե, որ մենք պիտի քաջալերենք հայկականը, որ իրենք գան, ներկայացնեն, շփվեն, ու միացնենք սփյուռքը հայ արտադրողի հետ, որ զարգանա հայկական արտադրությունը:
Հայկական արտադրանքի փառատոնին մասնակցելու համար Հայաստանից ժամանած ընկերությունները բերել էին բազմազան տեսականի՝ զարդ, ձեռագործ կերամիկական սպասք, պայուսակներ, համեմունք, թեյ, Արցախի կարպետներ, մաշկի խնամքի պարագաներ, նաև՝ խաղալիք ու հուշանվերներ։ Նրանց միացել էին նաև համայնքի գործարարները, որոնց կարծիքով՝ Buy Armenian-ը դարձել է նաև Հայաստան-Սփյուռք գործակցության նոր գաղափարների հարթակ։
Արտաշես Քասախյան (Գլենդեյլի քաղաքապետ) - Եթե կարողանանք նաև իբրև հայ փոխել մեր մտածելակերպը և կենտրոնանանք հայկական ապրանքի վրա՝ փոխանակ օտարապաշտ ձևերով առաջ գնալու, դա նույնպես հաղթանակ է։
Արմինե Հովհաննիսյան (գործարար) - Հայերս գնահատում ենք հայկականը, և մարդիկ ձգտում են հատկապես քսան թվի պատերազմից հետո հայկական բիզնեսին աջակցել ու ձեռք բերել այն, ինչ հայկական է:
Տիգրան Մարաբյան (գործարար) - Պատերազմից հետո հասկանալով՝ ինչ բացթողում ու սխալ ունենք, եկան ընդհանուր հայտարարի, որ մեզ պետք է պլատֆորմ որտեղ բոլոր հայերը կարող են միանալ։
Արմեն Բարսեղյան (Հայաստանի ժողովրդական վարպետ) - Հայաստանից ենք եկել-ներկայացնում ենք հայկական մանրանկաչությունը, զարդանկարչությունը, մեր տարազային նկարչությունը, որոնք սիրում են ԱՄՆ-ում:
Անի Սիմոնյան (գործարար) - Իմ բուն նպատակը, որ մենք կարծիքը փոխենք աշխարհում. որ ասում են՝ թուրքական տեքստիլն է լավ, ո՛չ, փոխելու ենք, լինելու է՝ Հայաստանինն է լավ: Մենք ուժեղ ենք։
Վիկտորյա Սուքիասյան (գործարար) - Ծնողներս շատ մեծ հոգի են դնում այս ամենի մեջ, ազնիվ են և փոձում են արտադրանք ստեղծել, որը մարդկանց մեծ ուրախություն կպարգևի, ոչ թե որը իրենց մեծ եկամուտ կբերի։
Buy Armenian-ի հետ գործակցում է Հայաստանի և Արցախի մոտ հազար ընկերություն։ Նրանց արտադրանքը ներկայացված է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև եվրոպական երկրներում, Ավստրալիայում և Կանադայում բնակվող հայերին։
Նշան Օդաբաշյան (Buy Armenian նախաձեռնության համահիմնադիր) - Մենք մեզ կասենք փոքր հայկական Ամազոն:
Buy Armenian-ի հաջորդ քայլը ամերիկյան շուկան է։ Արդեն իսկ հայկական մի քանի ապրանքատեսակ վաճառվում է ամերիկյան քառասուն նահանգում՝ Home goods խանութների ցանցում։ Այժմ բանակցում են այդ ցանկն ընդլայնելու համար։
Նշան Օդաբաշյան - Ապագան կուզենք հայ աշխարհից դուրս ելնել, որ կրնանք հայ արտադրողին ավելի մեծ շուկա տալ։
Ամերիկահայերը նշում են, որ այս երկրի առատ ապրանքի մեջ մարդիկ սկսել են նախապատվություն տալ ձեռքի աշխատանքին՝ նախընտրելով ինքնատիպությունը, իսկ սննդի հարցում՝ քիչ մշակում անցած, բնական ուտելիքը. հենց այն որակները, որոնց շնորհիվ հայկական արտադրանքը ճիշտ մարքենթինգի դեպքում կգրավի նաև օտար սպառողին: