2021 թ. ապրիլի 14-ին ընդունված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, որպես նոր մասնագիտացված դատարան, ձևավորվել է Հակակոռուպցիոն դատարանը: Հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով 2022 թ. փետրվարի 9-ին ընդունվել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը:
Ներկայացված իրավակարգավորումների համատեքստում ստեղծվել է իրավիճակ, երբ գործում են հակակոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված դատարաններ Առաջին ատյանում և Վճռաբեկ դատարանում: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանում չկա առանձին դատարան, որը կքննի այդ հարցերը: Այս մասին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության հեղինակած նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը: Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Ըստ Արմենուհի Հարությունյանի` փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու:
Նախագծով կկարգավորվեն նաև Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վերաբերյալ կարգավորումները:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ստացել են բազմաթիվ առաջարկներ պատգամավոր Արփինե Դավոյանից, որոնք համատեղ կարգով քննարկվել և ընդունվել են:
Ծավալուն աշխատանքի արդյունքում նախատեսվել են փոփոխություններ, որոնք ուղղված են դատավորների` ողջամիտ ժամկետների դատական վարույթների պահպանմանն ուղղված հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է մի շարք քննարկումներ` դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցերի վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է դատական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա կարևորել է առաջարկների ընդունումը` դատական իշխանության բեռնաթափման և առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, կարևորել է դատարանների նախագահներին վերապահված նոր լիազորությունները, ըստ որոնց` հնարավորություն կստեղծվի ԲԴԽ սահմանված կարգով մշտադիտարկում իրականացնել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ:
Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծավալուն աշխատանքի համար` դատական համակարգի ծանրաբեռնվածությունն էականորեն թեթևացնելու ուղղությամբ ներկայացված առաջարկությունների համար:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: