ՌԴ-ն մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, անընդունելի է որակում քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խնդիրների ստեղծումը։
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում:
Ռուս դիվանագետն ընդգծում է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և ըստ եռակողմ հայտարարության՝ գտնվում է խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։
Մարիա Զախարովա - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Անընդունելի է քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը:
Մարիա Զախարովան նաև անդրադարձավ, իր բնորոշմամբ՝ ռուս խաղաղապահների նկատմամբ հնչող մեղադրանքներին ու սադրիչ գործողություններին։
Մարիա Զախարովա - Որտեղից էլ դրանք հնչեն, մենք դա համարում ենք անթույլատրելի և ոչ արդյունավետ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր:
Մեկնաբանելով այն պնդումները, թե եռակողմ հայտարարությունը գոյություն ունի միայն հայկական կողմի համար, իսկ Բաքուն կարող է հանգիստ խախտել դրանք՝ ազատ չարձակելով գերիներին, Արցախում գրավելով նոր տարածքներ, արգելափակելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, Զախարովան վստահեցնում է՝ եռակողմ պայմանավորվածությունները պարտադիր են բոլոր կողմերի համար:
Մարիա Զախարովա - Հայտարարությունները եռակողմ են և ստորագրվել են երեք պետությունների ղեկավարների կողմից։ Դա ենթադրում է, որ դրանք համարժեք են բոլոր երեք կողմերի պարտավորությունների կատարման առումով։ Որևէ մեկը դա չպետք է կասկածի տակ դնի: Բոլորը պետք է կատարեն այն, ինչ պայմանավորվել են:
Ադրբեջանը նաև անջատել է գազի մատակարարումը Արցախի ողջ տարածքում, իրավիճակը վերածվում է հումանիտար աղետի: Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշում է՝ բոլոր ջանքերն ուղղված են իրավիճակի լուծմանը:
Մարիա Զախարովա - Մենք հենց սկզբից զբաղվել ենք տարածաշրջանում տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու, բնականոն կյանքը վերականգնելու, նորմալ հարաբերությունները զարգացնելու համար։
Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր իրավունք ունի համագործակցել այլ պետությունների հետ, բայց այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ, նկատում է Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ ղեկավարի խորհրդականի պաշտոնում թուրք գեներալի նշանակմանը: Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ունեցող խորհրդականների առկայությունը նկատվում է ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այլ երկրներում։ Ռուսաստանը նույնպես նման փորձ ունեցել է 90-ականներին, որի հետևանքները երևացին հետագայում: Այդ պատճառով էլ ռուսական պետական ծառայությունը փակ է օտարերկրացիների համար, ամփոփեց դիվանագետը։