ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է «հայrate» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում պարգևատրվել են ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով ընտրված գործատուները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը, որը նպաստում է բուհ-աշխատաշուկա-գործատու կապի ամրապնդմանը։
«Պետք է փաստել, որ այսօր խզված է բուհ-աշխատաշուկա կապը։ Պատճառն այն է, որ աշխատաշուկայի կառուցվածքն ու գործատուի պահանջներն արագ են փոփոխվում, իսկ շատ հաճախ բուհերի տված գիտելիքները դառնում են ոչ մրցունակ։ Աշխատանքի անցնելուց առաջ ուսանողը ստիպված է լրացուցիչ միջոցներ և ժամանակ տրամադրել գործատու պահանջներին համապատասխանելու համար: Բուհ-աշխատաշուկա հարաբերություններում առկա են մի շարք հիմնախնդիրներ, իսկ իրավիճակը կարելի է բարելավել՝ իրականացնելով բարեփոխումներ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ աշխատաշուկայում: Մասնավոր հատվածը պետք է իր ակտիվ մասնակցությունն ունենա ուսանողներին տրված վերջնարդյունքների ապահովման գործում: Բուհ-աշխատաշուկա կապը խոչընդոտող գլխավոր գործոնն այն է, որ բուհն ավելի շատ կարևորում է հիմնարար գիտելիքները, իսկ գործատուն առաջնահերթությունը տալիս է հմտություններին։ Կարծում եմ՝ պետք է ստեղծվեն բուհ-աշխատաշուկա-գործատու կապը միավորող արդյունավետ հարթակներ, որոնք կփակեն ոլորտում առկա բացերը և կնպաստեն խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարի տեղակալը։
Արդեն երկրորդ տարին է, ինչ նախաձեռնությունն իրականացվում է «Հայաստանի մարդկային ռեսուրսների (ՄՌ)» ասոցիացիայի և «Գրանթ Թորնթոն Հայաստան» ՍՊԸ-ի համատեղ ջանքերով՝ նպատակ ունենալով շեշտադրել գործատուների գրավչությունն աշխատաշուկա մուտք գործող երիտասարդների համար, ինչպես նաև բացահայտել՝ որքանով են իրենց ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ գործատուների ձեռնարկած միջոցառումները հասցեական ուսանողների շրջանում:
Հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող, որոնք ազատորեն արտահայտել են իրենց կարծիքը և նշել, անկախ գործունեության ոլորտից, 2022 թվականի ամենագրավիչ գործատուին: Որպես գրավիչ գործատու՝ ուսանողները նշել են ավելի քան 50 կազմակերպության անուններ, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում առավել ձայներ հավաքած 10-ի անունները: Առանձնահատուկ շեշտադրվել և պարգևատրվել է «Ամենագրավիչ գործատու» անվանակարգում առավելագույն ձայներ հավաքած կազմակերպությունը: Ըստ հարցման արդյունքների՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Դիջիթեյն Արմենիա» ծրագրավորման ընկերությունը:
Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը, ողջունելով միջոցառման հյուրերին, նշել է. «Այսօր «հայrate»-ը վերահաստատում է երիտասարդության և գործատուների կապի կարևորությունը՝ որպես ուսանողության ներգրավմանն ուղղված գործատուների կողմից իրականացված հաջողված ծրագրերի ու քաղաքականության ակնարկ: Այս մրցանակաբաշխությունը յուրովի ուղղորդում է Հայաստանի աշխատաշուկայի կատարելագործումը դեպի նոր մշակույթ, որտեղ գործատուի բրենդինգը ծանրակշիռ դեր է խաղում տաղանդների ներգրավման գործում, քանզի ոչ միայն գործատուն է ընտրում աշխատակցին, այլև աշխատակիցն է ընտրում գործատուին»։
«Գրանթ թորնթոն քնսալթինգ» ՓԲԸ-ի տնօրեն Գուրգեն Հակոբյանը, շնորհավորելով մասնակիցներին, հույս է հայտնել, որ արդեն երկրորդ տարին անցկացվող «հայrate»-ը հավակնում է դառնալ հայաստանյան աշխատաշուկայի հեղինակավոր վարկանիշերից մեկը: