ԵՄ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 9-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ անհատական և տնտեսական պատժամիջոցների իններորդ փաթեթը` հայտարարել է ԵՄ խորհուրդը։
Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստան ավիացիոն, օդատիեզերական արդյունաբերության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները: Կարգելվի անօդաչու թռչող սարքերի շարժիչների ուղղակի արտահանումը Ռուսաստան և ցանկացած երկիր, որը կարող է անօդաչու սարքեր մատակարարել Մոսկվային։
Եվրամիության «սև ցուցակում» ներառվել է ռազմաարդյունաբերական, հանքարդյունաբերական և էներգետիկ ոլորտների շուրջ 200 ընկերություն։
Պատժամիջոցները տարածվում են նաև ռուսական երեք հեռուստաալիքի, ինչպես նաև մի շարք բանկերի վրա: ԵՄ-ն իր քաղաքացիներին արգելել է պաշտոններ զբաղեցնել Ռուսաստանի պետական կազմակերպություններում:
ՊԵՐՈՒԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է 18 ԱՄՍՈՎ
Պերուի դատարանը 18 ամսով կալանավորել է երկրի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին: Նա մեղադրվում է ապստամբություն հրահրելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար: Գործով քննությունը շարունակվում է: Կաստիլյոյի կողմնակիցները արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են անցկացնում, պահանջում ցրել կառավարությունը և հեռացնել նորանշանակ նախագահ Դինա Բոլուարտեին:
Ցուցարարները փակում են ճանապարհներ, գրավում օդանավակայաններ, պետական մարմինների շենքեր։ Ցույցերի ընթացքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ, տուժել է շուրջ 200 ոստիկան:
ԳՆԱՃԻ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Բրյուսելում հազարավոր ցուցարարներ էլ դուրս են եկել փողոց Եվրոպայում գնաճի ֆոնին՝ բողոքելու կյանքի թանկացման դեմ` գրում է Reuters-ը:
Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ ակցիաները կազմակերպել են պետական հատվածի աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիություններ: Երթին մասնակցել է շուրջ 16 500 քաղաքացի: Նրանք պահանջում են իշխանություններից բարձրացնել աշխատավարձերը, թոշակները և աշխատանքային լավ պայմաններ ստեղծել:
Գործակալությունը գրում է, որ Եվրոպայում գազի և էլեկտրաէներգիայի գները բարձրացել են ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Բելգիայում գնաճը նոյեմբերին կազմել է շուրջ 11%:
ՀՐԴԵՀ ԼԻՈՆԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ԿԱ ՏԱՍԸ ԶՈՀ
Ֆրանսիայի Լիոն քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, 10 մարդ զոհվել է, այդ թվում՝ 3-15 տարեկան հինգ երեխա, 14 մարդ վիրավորվել է։
Լրատվամիջոցների տվյալով՝ հրդեհը բռնկվել է յոթհարկանի շենքի առաջին հարկում և արագ տարածվել: Մարման աշխատանքներին ներգրավվել է մոտ 170 հրշեջ։ Հրդեհի պատճառը առայժմ հայտնի չէ:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Պուերտո Ռիկոյի կարգավիճակի մասին օրինագծին, որի համաձայն` կղզին 2023 թվականին կարող է հանրաքվե անցկացնել՝ որոշելու իր ապագան: Պուերտո Ռիկոյի բնակիչները կպատասխանեն 3 հարցի՝ ցանկանո՞ւմ են արդյոք անկախանալ, միանալ ԱՄՆ-ին՝ որպես լիարժեք նահանգ, թե՞ ԱՄՆ-ի հետ ազատ ասոցացման մասին համաձայնագրի կնքել: Նման համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ արդեն ստորագրել են Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները, Մարշալյան կղզիների Հանրապետությունը և Պալաուի Հանրապետությունը:
The Wall Street Journal-ի տվյալով՝ Ջո Բայդենի վարչակազմը աջակցություն է հայտնել նախաձեռնությանը։
Հանրապետականները դեմ են օրինագծին, քանի որ, ըստ լրատվականի, փաստաթուղթը կղզու բնակիչներին հնարավորություն չի տալիս քվեարկել ներկայիս կարգավիճակը պահպանելու օգտին։ Այժմ օրինագիծը պետք է դիտարկի Սենատը։
Պուերտո Ռիկոյի տարածքը ԱՄՆ-ի վերահսկողության տակ է անցել 1898 թվականին՝ իսպանա-ամերիկյան պատերազմից հետո։ Այժմ կղզու բնակիչները ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն չեն կարող քվեարկել նախագահական ընտրություններում և Կոնգրեսում ունեն միայն մեկ ներկայացուցիչ։