Արցախ-Հայաստան կապը Ադրբեջանի կողմից այսպես կոչված՝ բնապահպանական ակցիայով կտրելը մեկ բառով բլոկադա է որակում միջազգային իրավունքի մասնագետը: Արա Ղազարյանի բնորոշմամբ՝ սա պատերազմի մեթոդ է, երբ միաժամանակ մարդու մի շարք իրավունքներ են խախտվում. ճանապարհին հաշմանդամություն ունեցող մարդիկ են, երեխաներ, խախտվել են ազատ տեղաշարժի, կրթության, բուժօգնության իրավունքները:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Սա արդեն ներգրավում է ոչ միայն մարդու իրավունքի կոնցեպտը, այլ նաև ցույց է տալիս, որ պետությունը տարածաշրջանում արդեն ոչ սպառնալիք է, այլ վտանգ։ Ես համաձայն եմ արդեն որոշ հնչող կարծիքների հետ, որ սա ցեղասպանության նախնական կամ նախապատրաստության քայլեր են:
Մոտ 120.000 արցախցիների կյանքի ճանապարհը ապաշրջափակելու նպատակով միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը գանգատներ է ներկայացրել ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այլև ՄԱԿ-ի Արդարադատության՝ Հաագայի միջազգային դատարան՝ խնդրելով Ադրբեջանին պարտավորեցնել բացել միջանցքը, չբավարարելու դեպքում, Լիպարիտ Դրմեյանի խոսքով, նոր նախականխիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում կներկայացվի:
Լիպարիտ Դրմեյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Դեկտեմբերի 14-ին ներկայացրել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, երկու կոմպոնենտ է ներառում՝ ամբողջությամբ ապաշրջափակել ճանապարհը, և նշված են այն անձանց տվյալները, որոնք Հայաստան տեղափոխվելու անհապաղ անհրաժեշտություն ունեն: Մեր դիմումն ուղարկելուց 1-2 ժամ անց ստացանք դատարանի նամակն այն մասին, որ Ադրբեջանին տրված է մինչև երկուշաբթի ժամը 16։00-ը ժամանակ, որպեսզի ներկայացնի դիրքորոշում մեր պահանջի վերաբերյալ։
Իրավիճակով պայմանավորված՝ Արցախում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք երկու խումբ, որոնք մոնիթորինգ են իրականացնում ինչպես բժշկական հաստատություններում, այնպես էլ բնակչության շրջանում գազամատակարարման անջատումով պայմանավորված մարդու իրավունքների խախտումները արձանագրելու համար:
Գեղամ Ստեփանյան (Արցախի ՄԻՊ) - Օրական Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա կենսական նշանակության ապրանք է ներմուծվում, և Արցախում ապրանքների ներմուծման 70-80 տոկոսը Հայաստանից է, տեղական ապրանքը շատ քիչ է: Սա նշանակում է, որ հինգ օր շարունակ այս ապրանքների պաշարները չեն լրացվում, որոնք անհրաժեշտ են կենսական պայմանների համար: Արդեն կան հացի հետ կապված սահմանափակումներ, սա ինչ է, եթե ոչ հումանիտար աղետ:
Արցախի բնակչության կենսական խնդիրները բարձրաձայնելու, հանրայնացնելու համար Հայաստանի ՄԻՊ-ը կարևոր է համարում նաև միջազգային լրատվամիջոցների ներկայությունը Արցախում: Ադրբեջանը մշտապես խոչընդոտում է որևէ անկախ լրագրողի մուտքը Արցախ, այն դեպքում, երբ այս օրերին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ որպես բնապահպանական ներկայացվող ակցիայից ուղիղ եթերներ են ապահովում:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - Սա գրեթե նույնական վարքագիծ է, ինչ Ադրբեջանը կիրառում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գետնի վրա ներկայություն ունենալուն, բայց մենք պետք է մեր մաքսիմալ ջանքերը գործադրենք այս ամենը տեղ հասցնելու համար:
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու վերաբերյալ Հայաստանի պահանջին պատասխանելու համար Ադրբեջանը մինչև երկուշաբթի ժամը 16:00-ը ժամանակ ունի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու դեպքում, Դրմեյանի խոսքով՝ տնտեսական, քաղաքական և իրավական լուրջ հետևանքներ կարող են լինել՝ ընդհուպ Եվրոպական դատարանին այդ պետության անդամության դադարեցում: Դրմեյանի կարծիքով՝ Ադրբեջանը չի գնա նման արկածախնդրության: