ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է COVID-19 և այլ վարակիչ հիվանդություններին հակազդման՝ «Ռոսպոտրեբնադզորի» կազմակերպած 3-րդ միջազգային գիտագործնական համաժողովին:
Պատվիրակության անդամները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել գիտական թեզեր: Քննարկվել են COVID-19 և այլ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, վիրուսաբանության, իմունաբանության, լաբորատոր ախտորոշման և այլ հարցեր:
Համաժողովի շրջանակներում կայացել է կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համակարգող խորհրդի առաջին նիստը, որում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել ելույթով:
«Համակարգող խորհուրդ ստեղծելու որոշումն ընդունվել է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում` դրանով իսկ ընդգծելով Հայաստանի Հանրապետության շահագրգռությունը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցելու հարցում»,- նշել է Լենա Նանուշյանը:
Ելույթի ընթացքում կոչ է արվել մշտական համագործակցության և փոխհամաձայնեցված գործողությունների իրականացման, ինչը կնպաստի անդամ պետությունների կենսաբանական անվտանգության բարելավմանը։