2019-ից սկսած` Հայաստան սննդային հավկիթ չի ներկրվում, նույնիսկ՝ արտահանվում է: Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ այս տարի ևս չի ներկրվել, իսկ դեպի Ռուսաստան արտահանվել է 3 միլիոն 898 հազար 800 ձու: Նույն ժամանակահատվածում ներկրվել է 4 միլիոն 185 հազար 480 հատ ինկուբացիոն հավկիթ՝ վերարտադրության նպատակով:
Սերգեյ Ստեփանյան (Թռչնաբույծների միության նախագահ) - Ձվի արտադրությունը շարունակում է գերարտադրություն մնալ, խնդիրներ չեն լինի, պակաս ձվի քանակ չկա, նույնիսկ հաջորդ տարվա երկու ամիսն էլ է գնալու բարձր:
Ըստ թռչնաբույծների միության նախագահի` սննդային ձվի արտադրության տեսանկյունից Հայաստանը ինքնաբավ է: Թռչնագրիպի դեպքեր էլ չկան, մինչդեռ տարածաշրջանի որոշ երկրներում հիվանդությունը կա: Հիմա Հայաստանում օրական արտադրվում է ավելի քան 1 միլիոն 600 հազար հավկիթ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով ավելի է:
Այս թռչնաբուծական ֆաբրիկան մեկ տարի է, ինչ սկսել է սննդային ձու արտադրել, և արդեն կարողացել է ներքին շուկայում տեղ գրավել:
Գագիկ Մակարյան (Համակցված կերերի գործարանի տնօրեն) - Այսօր մեր ընկերությունը ծածկում է 8-10 տոկոսի չափով` ձվի արտադրության մասով: Մենք այս տարի ենք սկսել ձվի արտադրությունը, դեռ նոր ենք մտել, ցանկություն կա ավելացնել ծավալները մինչև 15-20 տոկոսի չափով:
Ընկերությունն օգտվել է պետական լիզինգի ծրագրից: Երկու միլիոն եվրոյով ձեռք են բերել եվրոպական արտադրության չորս թռչնանոցի սարքավորումներ, ձվի տեսակավորման հոսքագիծ: Կարողացել են նվազեցնել վերջնական արտադրանքի ինքնարժեքը:
Գագիկ Մակարյան - Թռչնանոցներում տեղավորվում է 70-80 հազար գլուխ թռչուն, գազի, հոսանքի ծախսերը ավելի քիչ են:
Թռչնաբույծների միության նախագահը նշում է, որ 18 խոշոր թռչնաֆաբրիկաներից ինը արդեն վերազինվել են` պետական լիզինգային ծրագրերով ձեռք բերելով նորագույն սարքավորումներ, ինչն էլ, իր հերթին, նպաստել է հավկիթի արտադրության ծավալների աճին: