Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն էապես նվազել է: Հիվանդությունը հարաբերական կայուն վիճակում է:
Եվգենյա Խաչատրյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան) - ՀՀ-ում դեկտեմբերի 12-ի դրությամբ մենք ունենք հաստատված ընդհանուր 445881 դեպք, վերջին 14 օրվա ընթացքում մենք ունենք 144 նոր դեպք, ինչը վերլուծության արդյունքում, համեմատելով վերջին 14 օրվա հետ, այսինքն՝ միևնույն ժամանակահատվածի համեմատ, 36 %-ի նվազում ունենք:
Ներկայումս շրջանառվում են քովիդի օմիկրոն տեսակի BA5 և BQ1 տարատեսակները: Եվգենյա Խաչատրյանը ասում է՝ համավարակի 6-րդ ալիքի ժամանակ մենք չենք ունեցել այն բարդ իրավիճակը, որ եղել է համավարակի նախորդ փուլերում: Որպեսզի բացառվի սուր իրավիճակի կրկնությունը, պետք է հետևողականորեն և շարունակաբար իրականացվեն պատվաստումներն ու ժամանակին թեստավորումները:
Եվգենյա Խաչատրյան - Մենք չունենք 100% պատվաստումային ընդգրկվածություն, սակայն ես կարող եմ տեղեկացնել, որ մեր կողմից Սանկտ Պետերբուրգի Լուի Պաստյորի ինստիտուտում իրականացվել է ազգաբնակչության ընկալունակության հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ 98.4% մեր ազգաբնակչությունը ունի ընկալունակություն` պայմանավորված ինչպես հիվանդանալով, այնպես էլ պատվաստվելով, և էդ նվազումը կապված է դրա հետ:
Համաճարակաբանի խոսքով՝ գրիպի ակտիվ սեզոնին կարող են վտանգավոր լինել համակցված վարակները: Սակայն այս պահին լաբորատոր ուսումնասիրություններով հաստատված համակցված վարակ չի հայտնաբերվել:
Սեզոնային գրիպով և սուր շնչառական այլ հիվանդություններով պայմանավորված՝ պոլիկլինիկաներում պացիենտների հոսքը մեծ է, վերջին շրջանում ավելացել է սեզոնային գրիպի դեմ պատվաստվողների թիվը:
Դավիթ Մելիք-Նուբարյան (ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ) - Հոկտեմբեր ամսից Հայաստանում հասանելի է քառավալենտ վակցինան, որը պաշտպանում է այսօր շրջանառվող գրիպի Ա և Բ տեսակների վիրուսներից: Մեկը H1N1-ն է, մյուսը՝ H3-ը: Իհարկե, լավ է պատվաստվել հենց հոկտեմբերից, որովհետև պատվաստումից հետո մինչև իմունիտետի զարգացում մոտավորապես երկու շաբաթ է պահանջվում, բայց դա չի նշանակում, որ համաճարակի ընթացքում պատվաստվել չի կարելի, կամ մեզ մոտ հիմա համաճարակ չկա:
Մասնագետները չեն բացառում, որ Ամանորի տոներից հետո, երբ մարդիկ ակտիվորեն շփվում են, դիտարկվի համաճարակաբանական իրավիճակի բարձրացում, ուստի հորդորում են հետևել հակահամաճարակային կանոններին:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան