Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է՝ այսօր տեղի է ունեցել բողոքի հերթական ակցիան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև:
Ցուցարարների հետևողական պահանջների արդյունքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդն իջել է բակ և հանդիպել Բեգլարյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ:
«Մենք ներկայացրեցինք Արցախի առկա վիճակը և մեր պահանջներն ու ակնկալիքները ՄԱԿ-ից: Նա հավաստիացրել է, որ Արցախի և մեր ակցիաների մասին բոլոր հիմնական տեղեկությունները իրենք փոխանցել և փոխանցելու են ՄԱԿ-ի կենտրոնակայան:
Մենք պնդել ենք, որ ՄԱԿ-ի բոլոր մարմինները պետք է իրենց պարտավորությունները պատշաճորեն կատարեն և ժամանակին արձագանքեն Արցախի ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ ադրբեջանական շրջափակմանը:
Մեր պահանջների վերաբերյալ գրավոր մանրամասները կհրապարակեմ առանձին գրառմամբ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Արտակ Բեգլարյանը: