Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործող օրենքով ծառայությունում գտնվող քրեական գործերը, ինչպես նաև քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ՝ ըստ ենթակայության: Նշված գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտե և այլ քննչական մարմիններ, ըստ ենթակայության փոխանցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ապահովել Հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվում մնացած միջոցների բաշխումը Հակակոռուպցիոն կոմիտեի և այլ քննչական մարմինների միջև:
Նշվեց, որ քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործեր կան, որոնց կապակցությամբ ՊԵԿ դեպոզիտ հաշվին փոխանցված դրամական միջոցներ այս պահին փաստացի առկա չեն, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ միջոցների տնօրինման կապակցությամբ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ:
«Նախագծով առաջարկվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ըստ ենթակայության՝ այլ քննչական մարմիններ փոխանցմամբ պայմանավորված՝ Հատուկ քննչական ծառայության համար բացված դեպոզիտային հաշվում առկա միջոցները ենթակա են փոխանցման նշված մարմինների դեպոզիտային հաշիվներ, բացառությամբ ՀՀ ԱԱԾ-ի»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: