Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերից մինչև սոցիալական ծառայություններ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վարչապետին են ներկայացրել 2022 թ. գործունեության հաշվետվությունը:
Զեկուցել են, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը, շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։ 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին. աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով։
Վարչապետը հանձնարարել է 2023-ի փետրվարին ներկայացվելիք ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը:
2022 թ. միջին կենսաթոշակը 43.500 դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500-ից 31.600։ Նշվել է, որ կենսաթոշակների մոտ 77 տոկոսը վճարվում է անկանխիկ եղանակով։ 2023 թ.-ից՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում, իսկ 2024 թ.-ից՝ բոլոր վայրերում կենսաթոշակն անկանխիկ կվճարվի: Ներկայացնելով կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը՝ պատասխանատուները շեշտել են, որ նոյեմբերի տվյալով շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից կամ նպաստից ծախսերի 66 տոկոսը կատարում է անկանխիկ։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:
Աղքատության փուլային հաղթահարման նպատակով մոտ 300 շահառու ստացել է մինչև 1.6 մլն դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը:
Վարչապետը հանձնարարել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, շեշտելով, որ աղքատության մշակույթի հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է:
Հաջորդ տարվա ընթացքում կշրջանառվի զբաղվածության ռազմավարությունը։ Բարեփոխումների շրջանակում 2023 թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000-ից դառնալով 75.000։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Այս տարի սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է մոտ 1200 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, քառօրյա և 44-օրյա ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 280 անձ։
Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին։ Զեկուցվել է՝ առաջիկայում նախատեսվում է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ ներդնել, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ: