ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ։ Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանում զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության հարցեր: Լրատվամիջոցների տվյալով՝ Աբդոլլահիանը Թուրքիայի արտգործնախարարին ասել է, որ Սիրիայում ցամաքային գործողությունները չեն օգնի առկա խնդիրները լուծելուն:
Իրան-Թուրքիա օրակարգային մի շարք թեմաների են անդրադարձել նաև երկու երկրի՝ սահմանային անվտանգության և առևտրի հարցերով պատվիրակությունները: Հանդիպումը կայացել է Իրանում: Թուրքական կողմը հույս է հայտնել, որ երկրների միջև բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները կամրապնդվեն, այդ թվում՝ մշակութային և սոցիալական ոլորտներում։
ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում լուսադեմին ոստիկանական մեքենայում տեղադրված ռումբ է պայթել, տուժել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 3 կասկածյալ բերման է ենթարկվել: Նախնական տվյալով՝ մեքենան պայթեցվել է հեռակառավարմամբ, երբ փոխադրամիջոցին են մոտեցել ոստիկաններն ու հատուկջոկատայինները։ Քաղաքում ընթանում է հակաահաբեկչական գործողություն։
ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏԺԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառելու թուրքական ընկերությունների դեմ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու համար։ Պետքարտուղարության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ նման հեռանկարը բացասաբար է անդրադառնում Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների վրա։
«Մենք, այնուհանդերձ, հասկացրել ենք թե՛ Թուրքիայի կառավարությանը, թե՛ երկրի մասնավոր հատվածին, որ նրանք պետք է հետևեն հակառուսական պատժամիջոցների ռեժիմին: Վաշինգտոնը տեսնում է, որ մասնավոր հատվածը հիմնականում կատարում է Վաշինգտոնի պահանջները»,- ասել է պաշտոնյան։
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ Է ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 9-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրամիության անդամ 27 երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը՝ հայտնել է ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը։ Սև ցուցակում է ներառվել ավելի քան 200 ֆիզիկական և իրավաբանական անձ, ռուսական բանկեր, հեռուստաալիքներ, ռազմարդյունաբերական և հանքարդյունաբերական ընկերություններ։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը տեղեկացրել է, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական ծրագրին։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ հույս է հայտնել, որ ԵՄ էներգետիկայի նախարարներին դեկտեմբերի 19-ին կհաջողվի համաձայնության գալ նաև ռուսական գազի առավելագույն գնի շուրջ։
ԵՄ-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԽՈՐՎԱԹԻԱՆ ՆԵՐԱՌԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏՈՒՄ
Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում և հույս հայտնել, որ 2023 թվականին Բուլղարիան և Ռումինիան նույնպես կմիանան շենգենյան ընտանիքին։ Ավելի վաղ Ռումինիայի և Բուլղարիայի դիմումները մերժվել էին: Նախաձեռնությանը դեմ էին քվեարկել Ավստրիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները։
ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են նաև Բոսնիա և Հերցեգովինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությունը։
ԿՈՍՈՎՈՆ ՉԵԽԻԱՅԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածության ֆոնին Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ԵՄ խորհրդում նախագահող Չեխիային է փոխանցել Միությանն անդամակցության դիմումը։ ԵՄ 27 երկրից 5-ը` Իսպանիան, Ռումինիան, Սլովակիան, Հունաստանը և Կիպրոսը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, ինչը դժվարացնում է ԵՄ-ին Կոսովոյի միանալու հարցը: Խնդիրը կարող է լուծվել, եթե Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բելգրադը և Պրիշտինան կարող են հարթել դեպի ԵՄ ճանապարհը Կոսովոյում իրավիճակի կայունացման միջոցով։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ ԵՄ-ին միանալու Կոսովոյի դիմումը խախտում է ոչ միայն վաշինգտոնյան համաձայնագրերը, այլև եվրոպական օրենսդրությունը։ Կառավարության նիստից հետո էլ Վուչիչը տեղեկացրել է, որ նախարարների կաբինետը որոշել է դիմել Կոսովոյում և Մեթոխիայում ՆԱՏՕ-ի առաքելության տեղակայման խնդրանքով: Վուչիչն ընդգծել է, որ Բելգրադը Կոսովոյում և Մետոխիայում սերբական անվտանգության ուժեր տեղակայելու հարցով կարող է դիմել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։