ԵԱՏՄ երկրների օնլայն առևտրի հարթակները ավելացված արժեքի հարկ կվճարեն: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց փոփոխությունների մեծ փաթեթը: Բադասյանը նշեց՝ մինչև այս հարկվում էին բոլորը, բացի ԵՏՄ շուկայում գործող ընկերություններից:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Պետական բյուջեի եկամուտները, բնականաբար, կավելանան, և նշանակալի գումարի մասին է խոսքը, որն այսօր շրջանցում է պետական բյուջեն:
Առաջարկվող մյուս փոփոխությամբ Կառավարությունն առաջարկում է ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն սահմանել պետական տուրք, որը կգանձի ոստիկանությունը:
Ռուստամ Բադասյան - Վարչարարական բարդություններ են լինում, որովհետև գործարքը կատարվում է, ֆիզիկական անձանց մեծ մասը կամ չի իմանում հաշվարկման մասին, կամ ցանկանում է խուսափել հարկերը վճարելուց, ուղարկում են ծանուցումներ, որոնք կամ հասնում են, կամ ոչ, սակայն հիմնականում չեն վճարում, դրա համար առաջարկում ենք, որ եկամտահարկը տեղափոխվի պետական տուրքի կոնցեպցիա, ու ՃՈ-ում մեքենայի գրանցման փուլում պետական տուրքը վճարվի:
Գլխավոր հարկահավաքի առաջարկած մյուս փոփոխությունը կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդիրների լուծմանն է ուղղված: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հաճախ երկու աղբյուրից է անձից պահվում գումարը, փաստը հայտնաբերելուց հետո խնդիր է առաջանում ֆիզիկական անձին նույնականացնելու և գումարը վերադարձնելու առումով: Առաջարկում են տրամադրել անձի հաշվեհամարը, որ հնարավոր լինի խուսափել լրացուցիչ վարչարարությունից:
ԻՆՆ ԱՄՍՈՒՄ ՏԱՑ-Ը ԿԱԶՄԵԼ Է 14.1, ՀՆԱ ԱՃԸ՝ 12.6 ՏՈԿՈՍ
2022 թվականի պետական բյուջեի 9 ամսվա կատարողականն էլ քննարկվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Պարենի գները 9-ամսյա ժամանակահատվածում աճել են 19.5 տոկոսով, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել սպառման տեսանկյունից, սակայն եթե արտադրողների տեսանկյունից մտածենք, գուցեև դրական ազդեցություն կարող ենք արձանագրել:
Այս ժամանակահատվածում նվազել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների տնտեսական ակտիվության ցուցանիշը: Աշխարհում զարգացումները բացասական միտումներ են արձանագրել, սակայն դա ունի տարբերվող դրսևորում Հայաստանի տնտեսության համար, ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ 9 ամսվա մեր երկրի տնտեսական ակտիվությունը կազմել է 14.1, ՀՆԱ-ի աճը՝ 12.6 տոկոս: Ապրանքների արտահանման ծավալները, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ու դեպի մեր տնտեսություն դրամական փոխանցումներրը նախորդ տարվա համեմատ աճել են:
Տիգրան Խաչատրյան - Դրանք առավել ընդգծված են հատկապես ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից: 6-րդ ամսից սկսած՝ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, տնտեսական ակտիվությունն առավել բարձր արժեքներ է ունեցել, և սա շարունակվում է առ այսօր: Այս բոլորի ազդեցությամբ ակնկալում ենք, որ տարեկան թե՛ տնտեսական ակտիվությունը, թե՛ տնտեսական աճը բավական բարձր արժեքներ են արձանագրելու: Կարծում ենք, որ ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ ենք արձանագրելու:
Վարկավորման ծավալներն ու ավանդներ ներդրումը նույնպես ավելացել է. վարկերը՝ 4.3, ավանդները՝ 10.9 տոկոսով:
Հեղինակ՝ Անի Օհանյան