Երբ խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում չունես, այն դարձնում ես ծիծաղի առարկա: Ադրբեջանում բնապահպանական հարցերով ամենաակտիվ կազմակերպություններից մեկի ղեկավար Ջավիդ Գարան է այս տեսանյութով կիսվել:
Լաչինի միջանցքում «բնապահպանությամբ» մտահոգ կանանցից մեկը այնքան էր տարվել իր ելույթով, որ չէր էլ նկատել՝ ինչպես է խեղդում ձեռքում պահած թռչնին:
Խաղաղությունը խորհրդանշող խեղդված թռչունը ելույթի վերջում թռչելու փոխարեն քարի պես ընկնում է ցած։ Իհարկե այդ հատվածը ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են մոնտաժված:
Ջավիդ Գարան, որը, օրինակ 2021-ի ամռանը Բաքվում բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ անտառների շարունակական հատումների և անտառային հողերի մասնավոր սեփականատերերին երկարաժամկետ վարձակալության տալու, Լաչինի միջանցքում բողոքի ակցիաների մասին պարբերաբար է գրառում անում. «Ակնհայտ է, որ Ղարաբաղում «էկոակտիվիստների» բողոքը կեղծ խոսակցություն է: Մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում երկրում առկա բնապահպանական խնդիրները, բարոյական իրավունք չունեն բողոքելու հակառակորդի բնապահպանական գործողությունների դեմ։ Այս մարդիկ անբարեխիղճ պատեհապաշտներ չեն, նրանք պարզապես պատվերով շոու կատարողներ են»։
Տարածաշրջանի պատմությունը կեղծող Բաքուն վերջին օրերին խեղաթյուրեց նաև բնապահպանների դասական կերպարը:
Ադրբեջանցի «բնապահպաններն» առանձնանում են բնական մորթե մուշտակներով, ռազմական անցյալով, ազգայնական ժեստերով ու քաղաքական կարգախոսներով:
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոն է տարածել այս տեսանյութը՝ կից գրառմամբ՝ «Ադրբեջանցի կեղծ ակտիվիստ «բնապահպանը» ցույց է տալիս ժեստը՝ թուրքական ծայրահեղ ազգայնական շարժման՝ «Գորշ գայլերի», որը ցանկանում է «ավարտել 1915 թվականի Ցեղասպանության գործը»:
Սակայն, ցավոք, նաև որոշ խաղաղապահներ, տրվելով սադրանքների, քաղաքական դիրքորոշում են արտահայտում. «Ինշալլահ, Ղարաբաղը Ադրբեջան է»:
Իսկ ովքե՞ր են այդ կեղծ բնապահպանները, որոնց Ադրբեջանի պետական մարմինները կազմակերպված բերում են Լաչինի միջանցք: Լաչինի միջանցքը փակած անձանց միայն ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով արդեն պարզ է դառնում՝ գրեթե բոլորը ֆինանսավորվել են 2021-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով ստեղծված ՀԿ-ներին աջակցության պետական գործակալության աջակցությամբ։
Նրանց մեծ մասի Ֆեյսբուքի էջերը ողողված են Ալիևների ընտանիքի լուսանկարով: Սա, օրինակ՝ Ռուհիյե Մեմեդովայի օգտահաշիվն է, որը սկսվում է տեր և տիկին Ալիևների պատկերով, իսկ իր օգտահաշվի լուսանկարում՝ գլխավերևում արդեն Հեյդար Ալիևն է:
Դեկտեմբերի 12-ից Լաչինում գտնվող Թալեհ Մանսուրովը իշխող Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ է։ Այս մեկն էլ Հաբիլ Նիֆթալն է՝ կրկին Ադրբեջանի պետական գործակալության ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող հասարակական միավորման նախագահն է։ Ադրբեջանի հաջորդ բնապահպանը հայերենին տիրապետող ադրբեջանցի նախկին զինվորական է, որը իշխանամետ մամուլում ներկայանում է ոչ թե որպես բնապահպան կամ ակտիվիստ, այլ ռազմական փորձագետ՝ Թելման Գասիմով:
Լաչինի միջանցքում խաղաղասիրական կոչեր հնչեցնող ակտիվիստի ֆեյսբուքյան էջում Հայաստանի և Արցախի դրոշը անարգող զինվորականների լուսանկարների շարք կա, առանձին լուսանկար էլ ունի Ռամիլ Սաֆարովի հետ` հրապարակված այս տարվա նոյեմբերի 7-ին:
Ադրբեջանցի բնապահպանների կեղծ լինելու մասին նաև միջազգային մամուլն է գրում:
Ըստ BBC-ի հրապարակման հեղինակի՝ ակցիայի մասնակիցների թվում կան պետական ընկերությունների աշխատակիցներ, նույնիսկ թուրքական ընկերությունների աշխատակիցներ: Նշվում է, որ Ադրբեջանում կան բնապահպանական ավելի լուրջ խնդիրներ։
Դրանք հիմնականում կապված են նավթի արդյունահանման հետ։ Մեջբերում են ադրբեջանցի հայտնի լրագրող և ոչ պետական նախագծերի մշտական մասնակից Շահին Ռզաևի խոսքը. «Ես այս բնապահպաններին ցույց կտայի, թե ինչ է կատարվում իմ հայրենի Սուրախանի գյուղում, որտեղ նավթ է արդյունահանվում: Այնտեղ հինգ տարվա ուսումնասիրության համար բավարար նյութ կա»։
Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV-ն էլ, օրինակ, փաստում է, որ Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիներն առաջին անգամ են բողոքում հանքերի շահագործման դեմ այն դեպքում, երբ «Բազմաթիվ հետաքննություններով ապացուցվել է, որ Դաշքեսանի և Գեդաբեկի հանքարդյունաբերությունն ամբողջությամբ գտնվում է Ալիևների վերահսկողության տակ մինչ օրս, սակայն որևէ ակտիվիստ չի բողոքել դրա դեմ»:
Meydan TV-ի հետ զրույցում իրավապաշտպան Անար Մամեդլիի եթերում ահազանգում է՝ Ադրբեջանը աշխարհի հետնապահներից է ոչ միայն մարդու իրավունքների, այլև բնության պաշտպանության առումով:
Ի դեպ, Ելի և Կոլումբիայի համալսարաններում գործող հետազոտական խմբի կողմից կազմված բնապահպանական արդյունավետության ինդեքսի համաձայն՝ Ադրբեջանը անգամ հարյուրյակում չէ:
Հատկանշական է, որ 2020-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելու համար հատուկ թույլտվություն է պետք, այցելությունն էլ պետության տրամադրած ավտոբուսներով է կազմակերպվում:
Ավելին, այս 2 տարվա ընթացքում առանց թույլտվության այդ տարածքներ մեկնած քաղաքացիներ են ձերբակալվել:
Այս ամենը վկայում է, որ Լաչինի միջանցքում հայտնված անձինք ամենևին պատահական մարդիկ չեն և առնվազն համագործակցում են պետական տարբեր մարմինների հետ: Իսկ ալիևյան կլանի շահերը չսպասարկող անկախ լրագրողները, որոնց հաջողվել էր հասնել Լաչինի միջանցք, նախօրեին առևանգվել էին դիմակավորված անձանց կողմից:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան