Արցախի ժողովուրդն այսօր պատժվում է իր ժողովրդավարական ընտրության համար՝ համոզված է հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպանը: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ճգնաժամի հիմքը դա է, քանի որ Ադրբեջանը տարածքներ է ուզում` առանց ժողովրդի:
Էդմոն Մարուքյան (Հատուկ հանձնարարություններով դեսպան) - Մեր բոլոր մոտեցումները կառուցված են մարդկանց վրա, մարդկանց իրավունքների, բնական իրավունքների, Ադրբեջանի մոտեցումները՝ սար, ձոր, հող, հանք, հանքարդյունաբերություն, ոսկի, փող, դրա մասին է, և մարդկանց մասին մեր խոսույթը ընկալելի է միջազգային հանրության համար:
Իսկ միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ և հասցեական են: Եվ սա նաև այն աշխատանքի շնորհիվ է, որ միջանցքը փակվելուց անմիջապես հետո նախաձեռնել է Հայաստանը՝ խնդիրը մանրամասն ներկայացնելով բոլոր գործընկերներին, շեշտում է Մարուքյանը:
«Օրհասական և կարևոր է, որ միջազգային հանրությունը համապատասխան մեխանիզմ ստեղծի, որը հնարավորություն կտա խոսակցություն սկսել Ստեփանակերտի և Բաքվի միջև»,- ասում է հատուկ հանձնարարություններով դեսպանը:
Էդմոն Մարուքյան - Վաշինգտոնում եղել է նման համաձայնություն, որից Ադրբեջանը հրաժարվել է հետո, սակայն եղավ հաստատում, որ նման բան եղել է:
Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ևս քաղաքական գնահատական կտա և կվերականգնի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, հույս է հայտնում հատուկ հանձնարարություններով դեսպանը:
Մարուքյանի տեղեկություններով՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը միջանցքը բացելուն ուղղված բանակցություններ են վարում: Բայց եթե նույնիսկ այսօր ճանապարհը բացվի, որևէ երաշխիք չկա, որ վաղը Բաքուն նույն քայլին չի դիմի, ուստի խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի: