ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքներ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության, ինչպես նաև նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի նոր վարչական շենքերի բացմանը։
Արարողություններին ներկա են եղել նաև Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։
ՀՀ ՔԿ նախագահը շրջայց է կատարել հիմնանորոգված շենքերում, ծանոթացել ընդհանուր աշխատանքային պայմաններին։
Ինչպես Արմավիրի մարզի քննչական վարչությունը, այնպես էլ Վաղարշապատի քննչական բաժինը մինչ այս չեն ունեցել առանձնացված վարչական շենք, աշխատանքային պայմանները եղել են ոչ այնքան բարվոք։ Ելնելով ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից՝ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ ՔԿ-ին հատկացվել են առանձին շենքեր, որոնք ամբողջությամբ հիմնանորոգվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված ֆինանսավորմամբ:
Նոր վարչական շենքերը կահավորվել են ծառայության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նոր գույքով, ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով, ինտերնետ կապով, հեռահաղորդակցության ներքին ցանցով: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, քննչական որոշակի գործողություններ կատարելու համար:
Քննչական կոմիտեի նախագահը կարճ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության նոր դահլիճում։
Շնորհավորելով քննիչների նորամուտը իրենց նոր աշխատավայրեր՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ աշխատանքային, նյութատեխնիկական պայմանների բարելավումը, ծառայողների համար սոցիալական որոշակի երաշխիքների ապահովումը, որոնք այսօր կարևորվում են պետության կողմից, պետք է առավել մոտիվացնեն՝ բարձրացնելու նախաքննության որակը, նպաստելու հանրապետությունում հանցավորության նվազմանը, իրավակարգի ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը։
«Որքան էլ բոլորիս մտահոգության առաջնային առարկան հակառակորդի կողմից արցախցի մեր հայրենակիցների համար պարբերաբար ստեղծվող հումանիտար ճգնաժամն է, սակայն մենք մեր մեջ ուժ ենք գտնում զարգանալու, առաջ շարժվելու և մեր պարտքն է, նման աշխատանքային պայմաններ ունենալով, առավել մեծ ջանք գործադրել արարելու, հավելյալ արժեք ստեղծելու և այդ կերպ հաղթելու համար»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահը։
Աշխատանքային արդյունավետության բարձրացման առաջնային նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների շենքային և նյութատեխնիկական բարելավման գործընթացը շարունակական բնույթ ունի։