Այսօր Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ամերիկայի հայ համայնքը նամակներ կուղարկի ԱՄՆ նախագահ Բայդենի գրասենյակ, պետքարտուղար Բլինքենին, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Թոմաս Գրինֆիլդին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին։ Նախագահին ամերիկահայերը հորդորում են պահանջել Ադրբեջանից անհապաղ բացել Լաչինի ճանապարհը, պատժել Ալիևի հանցավոր ռեժիմն ու դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին։
Պետքարտուղար Բլինքենից և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանից ամերիկահայերը նամակով պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կանխելու Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության վտանգը, բանաձև ընդունել Լաչինի միջանցքը բացելու և Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները դատապարտելու համար։
Նորա Հովսեփյան (Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ արևմտյան ափի ատենապետ) -
Շատ ցավալի է անշուշտ, շատ դժվար հարց է: Որպես ամերիկահայ՝ միայն ամերիկյան կառավարության վրա կարող ենք ազդել և արդեն ունեցել ենք. պետդեպի խոսնակը հզոր հայտարարություն արեց, մենք շարունակում ենք աշխատանք տանել։ Այս երեկո մի «աքշն ըլըրթ» պիտի տարածենք, որ ժողովուրդն էլ մասնակցի՝ հեռաձայնով Սպիտակ տուն, Պետդեպ, USAID, նաև Թվիթերով, սոցմեդիայով, որ մեր ձայնը լսելի դարձնենք։
Լաչինի միջանցքը փակելու և արցախցիների կյանքը վտանգելու Ադրբեջանի հերթական քայլը Հայ դատի հանձնախմբի տարեվերջյան երեկոյի մասնակիցների զրույցի գլխավոր թեման էր։ Հրավիրվել էին համայնքի անդամներ, նահանգային, քաղաքային պաշտոնյաներ, որոնց հետ գործակցում է հայկական լոբբիստական կառույցը։
Էնթոնի Պորտանտինո (Կալիֆոռնիայի նահանգային սենատի անդամ) - Այն, ինչ ադրբեջանցիներն անում են, դատապարտելի է՝ տոների շեմին, չհրահրված ագրեսիվ, սարսափելի ակտ, որը մարդասիրական ճգնաժամի է հանգեցնում։ Աշխարհը պետք է արձագանքի։ Մարդիկ կարիք ունեն ճանապարհի, ենթակառուցվածքների, տարրական առօրյա խնդիրները լուծելու: Սա հումանիտար ճգնաժամ է, և միջազգային հանրությունը պետք է արձագանքի, ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի, մեր պետդեպարտամենտը պիտի ԵԱՀԿ իր գործընկերների հետ աշխատի և դատապարտի Ադրբեջանին։ Սա անընդունելի ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ։
Քրիս Հոլդեն (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի անդամ) - Այն, ինչ կատարվում է այնտեղ, շարունակությունն է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ հարձակման, որը միտված է իրենց երկրից մարդկանց վտարելուն և պատմությունը փոխելուն՝ ջնջելով այն, ինչ ստեղծել են հայերը։ ԱՄՆ կառավարությունը պետք է հաստատակամորեն դատապարտի Ադրբեջանին։
Քեթրին Բարգեր (Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի անդամ) - Սարսափելի է այն, ինչ կատարվում է։ Կոչ եմ անում մեր կառավարությանը՝ անմիջապես քայլեր ձեռնարկի, ասի, որ մենք Արցախի կողքին ենք ու չենք հանդուրժի սա, սա ցեղասպանության կրկնությունն է։ Բոլոր պաշտոնյաները, նաև ժողովուրդը, ընդ որում՝ ոչ միայն հայկական սփյուռքը, պետք է կանգնենք ու ասենք, որ սա անընդունելի է, և որ մենք պաշտպանում ենք Արցախը։
Հայ համայնքի ներկայացուցիչները փաստում էին, որ վիճակին համարժեք պետք է արձագանքի ամբողջ սփյուռքը։
Կարո Ղազարյան (իրավաբան) - Մենք պիտի զանգվածային քայլերի դիմենք, որ հասկանալի դառնա, որ ներկայի 120 հազար մարդու պարագան անհասկանալի է։ Ես կոչ եմ անում բոլոր կազմակերպություններին՝ եկեղեցի, կուսակցություն, մշակութային, երիտասարդական, որ հանձն առնեն կազմակերպչական աշխատանքը։
Ալիս Պետրոսյան (Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ արևմտյան ափի կրթության կոմիտեի նախագահ) - Նամակ ունեի երկու օր առաջ, միակ խնդրանքը՝ վեր կացեք, գնացեք ու պայքարեք։ Մենք ինչպես կարող ենք նստել տոնածառի շուրջ, նվերներ բացել, երբ մեր ժողովուրդը չի կարող նույնը անել։
Կարմեն Օհանյան (ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչ) - Կացությունը շատ լուրջ ենք համարում: Անում ենք ամեն ինչ, որ մեր շրջանի սենատորներին ու կառավարական դեմքերին, որ ճնշումներ բանեցնեն Ադրբեջանի վրա, և արագ լուծում գտնենք, քանի որ սա արցախահայության գոյատևման հարցն է, նաև մարդկային տեսակետից՝ հումանիտար ճգնաժամ։
Տարեվերջի հավաքին Հայ դատի հանձնախումբը սովորաբար ամփոփում է արած գործերը։ Անցնող տարին լոբբիստական կազմակերպության համար կարևոր էր դաշնային ու տեղական ընտրություններով։ Փաստում են, որ իրենց սատարած թեկնածուների մոտ 90 տոկոսն ընտրվել է, ներառյալ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը։ Կազմակերպությունն ակնկալում է, որ համայնքն էլ կվերագտնի պատերազմից հետո կորցրած ակտիվությունը։