ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը: Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ Անտոնիո Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է աջակցությունը տարածաշրջանի կարգավորմանն ուղղված ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը բացահայտ ավտորիտար սցենար է, ասված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում:
«Ամբողջ աշխարհի ժողովրդավարությունները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց իրականացրած շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել են հանձնաժողովում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբիգեյլ Սփանբերգերն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում աջակցությունը՝ հաշվի առնելով Արցախի բնակչության դեմ Բաքվի ագրեսիան:
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը նույնպես մտահոգություն է հայտնել դեկտեմբերի 3-ին, այնուհետև դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և բնապահպան ներկայացող ցուցարարների գործողությունների կապակցությամբ: Դրանք, նրա խոսքով, հանգեցրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը, որը մատակարարման կենսական ուղի է շրջանի հայ բնակչության համար։
Մարինա Կալյուրանդ (Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար) - Խիստ մտահոգիչ է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող խողովակաշարով Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցումը, ինչը մեծացնում է հումանիտար լուրջ հետևանքների վտանգը: Հիշեցնեմ՝ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հորդորում եմ Ադրբեջանի կառավարությանը կատարել այդ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով:
Կալյուրանդն ընդգծել է խաղաղության համապարփակ համաձայնագրի անհրաժեշտությունը, որով, նրա պնդմամբ, պետք է երաշխավորվեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը:
«Կոչ եմ անում ԵՄ միջնորդությամբ ամենաբարձր մակարդակով վերսկսել բանակցությունները և լիցքաթափել իրավիճակը»,- եզրափակել է նա։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը նույնպես արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև կապահովեն քաղաքացիների խաղաղ կյանքը»,- ասել է պաշտոնյան:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ վերահաստատել աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ առանց հարկադրանքի՝ նշված է կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել տարածաշրջանի բնակիչներին գազի անխափան մատակարարումը։ Ի վերջո, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ նրանց ազատ տեղաշարժը»,- նշել են կազմակերպությունում:
Կանադան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը նույնպես դատապարտել են Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանի իշխանությանը կոչ արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ապահովել այդ երթուղով տեղաշարժի ազատությունը` խուսափելու հումանիտար աղետից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն էլ շեշտել է, որ երկխոսությունը լարվածության սրումը կանխելու բանալին է, վստահեցրել՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման և վստահության ամրապնդման ջանքերին։