Հայկական ելակը տուփերում ըստ չափերի դասավորած, գրամ-գրամ կշռած, վաճառքի է գնում Կոտայքից դեպի ռուսական շուկա։
Փաթեթավորման արտադրամաս հատապտուղը մտնում է կողքի ջերմատնից․ 6 հա-ի վրա այստեղ ելակի թփեր են՝ ծաղկած, կարմիր-կիսակարմիր ու խակ պտուղներով։ Ապրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է՝ որոշ խմբաքանակ Էմիրություններ ու Կատար, մեծ մասը սակայն՝ Ռուսաստան։ Տարեկան մինչև 400 տոննա բերք են քաղում, բայց պահանջարկը շատ ավելին է՝ ասում է ընկերության հիմնադիր տնօրենը։
Դմիտրի Ալեքսեենկո («Քեյ ընդ Ջի» ընկերության հիմնադիր տնօրեն) - Մեր արտադրանքի նկատմամբ կա մեծ պահանջարկ Ռուսաստանում, որովհետև Ռուսաստան արտահանողները շատ չեն, շուկայում կա տեղ:
Արտադրության և արտահանման ծավալներները մեծացնելու հարցում այս բիզնեսին աջակցության ձեռք է մեկնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։ Տրամադրած 960 մլն դրամ գումարով մինչև եկող օգոստոս, հարևանությամբ՝ այստեղ 3 հա մակերեսով ևս մեկ հսկա ջերմատուն կկառուցվի՝ մասնավորի հետ Պետական ներդրումային ֆոնդի համագործակցության մանրամասներն է ներկայացնում ԱՆԻՖ-ի պատվիրակը։
Բելլա Մանուկյան (ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն) - Ֆոնդը ծրագրում կներդնի մոտ 2 մլն ԱՄՆ դոլար, գումարն ուղղվելու է ընկերության ընդլայնմանը և երկրորդ ջերմոցի կառուցմանը, ինչը թույլ կտա գրեթե կրկնակի ավելացնել արտահանման ծավալները: Մենք մշտապես կարևորում և թիրախավորում ենք արտահանմանը միտված բիզնեսի ընդլայնումը հատկապես գյուղոլորտում՝ հաշվի առնելով, որ սա թույլ է տալիս աշխարհին ցույց տալ հայկական արտադրանքի թե՛ որակական, թե՛ համային հատկանիշները։
ԱՆԻՖ-ի համար կարևոր է նաև, որ ջերմատունը հագեցած է բնապահպանական այնպիսի սարքավորումներով՝ բույսերի տաքացման նպատակով այրվող վառելիքից առաջացող ածխաթթու գազը մթնոլորտ չի արտանետվում, այլ մինչև 97 տոկոս տարածք է մտցվում շաքար սինթեզելու՝ քաղցրացնելու բերքը։ Ի դեպ, պարզվում է Հայաստանում առաջինն այստեղ են փորձարկել ջերմատան օդը հատուկ խողովակներով շրջանացնելու ֆրանսիական տեխնոլոգիան։
Բելլա Մանուկյան - Սա առաջին դեպքն էր, որ փորձարկվեց ելակի վրա, որովհետև չի եղել փորձ, սա կա Հայաստանում լոլիկի, վարունգի վրա, մենք առաջին փորձն արեցինք, արդարացվել է:
«Բերիմաունթը» շուկայում նոր է, բայց ստեղծվել է հատապտղի մշակման մոտ 6 տարվա փորձ ունեցող ընկերության բազայի վրա, այնպես որ, Պետական ներդրումային ֆոնդը որևէ ռիսկ չունի՝ վստահեցնում է ընկերության ղեկավարը։ Խոստացել են՝ նոր ջերմատան հետ 60 նոր աշխատատեղ են ստեղծելու։ Այս գործարքը գյուղատնտեսական իրենց բիզնեսի համար էլ է շատ կարևոր, քանի որ տվյալ փուլում շատ դժվար է ֆինանսական գործընկեր գտնել՝ անկեղծանում է Դմիտրի Ալեքսեենկոն։
Բելլա Մանուկյան - Լոգիստիկ շուկայում խնդիրներ են առաջացել, գեոքաղաքական վիճակը բարդացրել է, և ներդրողները ավելի զուսպ են այս պահին, և ԱՆԻՖ-ի այս պահին խիզախ ու կարևոր մասնակցությունը թույլ կտա հաղթահարել այդ խնդիրները, ու մենք կկարողանանք զարգացնել մեր արտադրությունը։
Պայմանագիրը կնքված է, արագ կընդլայնեն բիզնեսը, գումարին էին սպասում՝ նոր ջերմատան համար տեխնոլոգիաներ, ելակի թփեր ու ծաղիկները փոշոտող հատուկ մեղուներին ներկրելու համար։