Միացյալ Նահանգների վարչակազմը չունի ՄԱԿ-ի կանոնները փոխելու և Ռուսաստանին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամությունից բացառելու հնարավորություն, չնայած Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը, հայտնում է ТАСС-ը։
«Եթե Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու միջոց լիներ, մենք անմիջապես կսկսեինք դա օգտագործել։ Ցավոք, այդ հնարավորությունը չունենք։ Այդ պատճառով էլ կենտրոնացած ենք միջազգային կազմակերպություններում Ռուսաստանին մեկուսացնելու և պատասխանատվության ենթարկելու ջանքերի վրա, այդ թվում՝ պատժամիջոցներով ու հարկադրանքի միջոցներով»,- ասել է Ժան-Պիեռը։
«Մենք հաջողությամբ քվեարկեցինք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին մասնակցելուց զրկելու օգտին և հասանք նրան, որ Ռուսաստանը ղեկավար պաշտոններ չզբաղեցնի ՄԱԿ-ի համակարգի այլ մարմիններում»,- հավելել է խոսնակը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարությանը։ Նա նշել է. «Եթե լինեին Ռուսաստանը ոչնչացնելու, ամբողջ նավթը, գազը, այլ բնական ռեսուրսները և առհասարակ ամեն ինչ աշխարհում բռնագրավելու միջոցներ, նրանք անմիջապես կսկսեին դա անել: Բարեբախտաբար, այդ հնարավորությունը չունեն»։