ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐԱԲԱՑՎԻ. ՓԱՈՒԵՐ
Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի, քանի որ այն փակելը կարող է հումանիտար լրջագույն ճգնաժամի հանգեցնել՝ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:
«Այս միջանցքը այդքան կարևոր դեղամիջոցների ու սննդամթերքի մատակարարման կարևոր երթուղի է»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է նա:
ԱՄՆ-Ը ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ՝ ԶՍՊԵԼՈՒ ԲԱՔՎԻ ԱԳՐԵՍԻԱՆ. ՇԵՐՄԱՆ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խոր մտահոգություն է հայտնել Արցախում հումանիտար աղետի մասին հաղորդումների կապակցությամբ:
«Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ և որն օգտագործվում է սննդամթերք, դեղորայք ու կենսական նշանակության այլ ապրանքներ տեղափոխելու նպատակով։ Արցախի 120 հազար հայի կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարը լրջորեն վտանգված են։
Միջազգային հանրությունը պետք է միանշանակ դատապարտի այս աղաղակող սադրանքն ու անի հնարավորը՝ աջակցելու հայ ժողովրդին։ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի այս ջանքերը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան»։
Շերմանը կոչ է արել Վաշինգտոնին չշրջանցել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը և ռազմական աջակցություն չտրամադրել Բաքվին, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը չի դադարեցրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումներն ու շրջափակումները։
Կոնգրեսականն ընդգծել է՝ չնայած բոլոր դժվարություններին՝ հայ ժողովուրդը տոկուն է և վճռական։
ԲԱՔՈՒՆ ԴԱՐՁՅԱԼ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ԽԵԼԱՑՆՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԴԵՆԱՍ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոնի Կարդենասն ընդգծել է, որ արգելափակելով Լաչինի միջանցքը և խոչընդոտելով Լեռնային Ղարաբաղի հայությանը առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը՝ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր խելացնորությունը և պատրաստակամությունը՝ վտանգի ենթարկելու խաղաղ բնակչության կյանքը։
«Վաշինգտոնը պետք է հասկացնի Ադրբեջանին, որ հայերին շարունակաբար ապամարդկայնացնելը և նրանց վտանգի ենթարկելը անընդունելի են»,- գրել է Կարդենասը:
Կոնգրեսական Գրեյս Մեյնն էլ է դատապարտել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը գրել է. «Սա հայ ժողովրդի դեմ լավ փաստագրված վայրագությունների հերթական օրինակ է: Կոչ եմ անում ԱՄՆ-ին աշխատել՝ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ»:
ՀԱՅԵՐԻՆ ՑԵՂԱՍՊԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԻ. ՔՈՔՍ
Հայերին ցեղասպանելու հերթական գործընթացը պետք է կանխվի՝ Թվիթերի միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։
«Մեծ Բրիտանիայի դիրքերն աշխարհում չեն բարելավվի, եթե երկրի նավթային շահերն Ադրբեջանում գերակայեն ԼՂ հայ քրիստոնյաների կյանքի, ազատության և հողի նկատմամբ»։
Բարոնուհին նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների հետ կապված նամակ է հղել Մեծ Բրիտանիայի արտաքին հարցերով պետքարտուղարին, կոչ արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել՝ ստիպելու Բաքվին դադարեցնել արցախահայությանը տառապանք պատճառելու քաղաքականությունը:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տագնապալի լարվածությանը, կոչ անում չանտեսել այն փաստը, որ ստեղծված իրավիճակը կարող է մարդասիրական ծանր հետևանքների հանգեցնել։
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը պնդում է՝ կարգավորումը հնարավոր է միայն երկխոսության միջոցով:
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
Շվեյցարիան անհանգստացած է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներով և հնարավոր հումանիտար հետևանքներով։ Նման գրառում է արել Շվեյցարիայի արտգործնախարարության Եվրասիայի դեպարտամենտի ղեկավար Աննա Իֆկովիցը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը և վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ բոլոր առկա խնդիրները լուծելու համար:
ԲԱՔՎԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ֆինլանդիայի և Նիդերլանդների արտգործնախարարությունները, անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, նշել են՝ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին: Մտահոգություն են հայտնել, որ Բաքվի գործելաոճը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, որն ուղղված է բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի կայացմանը: