Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը: Դեմ էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Իսկ «Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Վստահեցնում եմ, որ Կառավարությունը, ինչպես ես նախորդ քննարկման շրջանակներում նշել էի, պարզապես նոր նախարարության ստեղծման փաթեթ չի ներկայացրել այսօր ձեր դատին, այլ որակական առումով մենք կտեսնենք թե՛ փրկարար ծառայության, թե՛ ոստիկանության և թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում փոփոխությունների իրականացում: Ընդ որում՝ կարևոր է նաև ձեր աջակցությամբ խորհրդարանական բարձր վերահսկողությունը այս պրոցեսի նկատմամբ:
Օրենսդիրը հաստատեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության, «Պետական տուրքի մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների կազմակերպիչներն ավելի շատ հարկ կվճարեն: Կառավարության նախաձեռնությամբ տուրք սահմանվեց նաև շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 2022-Ի ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ. ՆԱԽԱԳԻԾ
Առաջին ընթերցմամբ քննարկվեց 2022 թվականի բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի՝ Կառավարությունը 3 տոկոսի փոխարեն 5 տոկոսի չափով բյուջեում վերաբաշխում անելու հնարավորություն կստանա:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Ավելացումները տեղի են ունեցել հիմնականում էկոնոմիկայի, կրթության, սոցիալական ոլորտում, առողջապահության ոլորտում, որոնք հնարավոր չէր պլանավորել 2022 թվականի բյուջեն կազմելիս և հիմնականում կապված են մեր երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունների կամ Կառավարության կողմից իրականացվող հավելյալ ծառայությունների հետ:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
Քննարկվեց նաև Դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:
Արմենուհի Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Սույն փաթեթով ապահովվում է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, կոռուպցիոն հանցագործություններ քննող և՛ քրեական, և՛ քաղաքացիական դատավորների կազմով: Փոփոխությունները նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չեն առաջացնելու, քանի որ օրենքի անցումային դրույթների ուժով ներկայումս նշանակված դատավորները, ովքեր հակակոռուպցիոն գործեր են քննում, շարունակելու են պաշտոնավարել:
Արտահերթ նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը երդվեցին: Նրանց այդ պաշտոնում ԱԺ-ն ընտրել էր սեպտեմբերին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան