Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը շրջայց է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան համար 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:
Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսապատման ու ներքին հարդարման աշխատանքները:
Արմեն Ղուլարյանը այցելել է նաև Էջմիածին և Արտիմետ գյուղ, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Հանրապետության մարզերում կառուցվում կամ նորոգվում է մոտ 30 մարզադահլիճ: Նախագծային լուծումները հնարավորություն կտան, որպեսզի մարզադահլիճներից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլև համայնքի բնակիչները: Դահլիճները անհրաժեշտության դեպքում կարող են ծառայել, որպես հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման վայրը թույլ է տալիս նաև ֆուտբոլի դաշտ և սպորտային հրապարակներ ունենալ:
Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձևավորման նյութերի և գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։
Արմեն Ղուլարյանը, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս, առանձնահատուկ կարևորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների բարձր որակը:
Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի, կոմիտեի համակարգմամբ իրականացվում են ևս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն:
Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։