Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» (HOPE) ծրագրի շրջանակում, անցկացվել է երկօրյա հանդիպում։
Ծրագրով նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում կազմակերպել և անցկացնել դաշտային լայնամասշտաբ ուսումնավարժություն՝ պայմանական երկրաշարժի դեպքում Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի ակտիվացման շնորհիվ՝ աղետի ենթարկված երկրի ու մի շարք երկրների արձագանքող փրկարարական թիմերի ու կազմակերպությունների ներգրավմամբ:
Թբիլիսիում անցկացված հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Հունաստանի, Կիպրոսի արտակարգ իրավիճակների ոլորտի, նաև նախագծի կոորդինատոր հանդիսացող Կիպրոսի եվրոպական ինստիտուտի ներկայացուցիչներ։ Հայկական պատվիրակությունը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունից 3 թեկնածու։
Կլոր սեղան-քննարկմանը մասնակիցները փոխանակվել են փորձով ու գիտելիքներով։ Պայմանական աղետի դեպքում փրկարարական ուժերի և մարդասիրական օգնության սահմանահատման գործընթացի ու աղետյալ երկրի կողմից ազգային աջակցող մարմնի գործընթացի շուրջ քննարկումները մասնակիցներն արդյունավետ են համարել, իսկ ահա ուսումնավարժության անցկացման, սցենարի ու վարժանքի միջանկյալների շնորհանդեսի շուրջ ձևավորվել է բուռն քննարկում՝ մասնակից թիմերի տեսակների, ապահովման հարցերի ու լոգիստիկ այլ խնդիրների շուրջ։
Ծրագիրը նաև հարթակ էր հայկական պատվիրակության համար՝ վրացի գործընկերների հետ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության ակտիվացման» հուշագրի նախագծի քննարկման համար:
Դրա շրջանակում հայկական կողմն առաջարկել է ակտիվացնել երկու երկրների կառավարությունների միջև դեռևս 1997 թվականին կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունը, ինչը դրական է գնահատվել վրացական պատվիրակության կողմից։