Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորներն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն քննարկել են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված՝ Արմեն Ռոբերտի Նուրբեկյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և աշխատանքային ուղին:
Նշվել է, որ Արմեն Նուրբեկյանը ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2020 թվականից զբաղեցնում է Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենի և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնները:
Արմեն Նուրբեկյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն խոսել է ԿԲ առաջիկա գործունեությունից, կառույցի ռազմավարությունից: Բանախոսի խոսքով՝ ԿԲ-ի համար կոմունիկացիան գործիք է իր նպատակներին հասնելու համար: Ըստ Արմեն Նուրբեկյանի՝ կայուն տնտեսական զարգացման միակ հենքը գների կայունությունն է:
«Այսօր թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհում տնտեսական շոկերն ու անկայունությունը, ցավոք, չեն թուլանում: Եվ ԿԲ-ն այդ պայմաններում կայունություն ապահովող մարմինը պետք է լինի»,- նշել է թեկնածուն:
Քվեարկության արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը: