Դեկտեմբերի 14-15-ը ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության Խուզեստան նահանգ՝ Ահվազ քաղաք, հանդիպում է ունեցել Ահվազի Շահիդ Չամրանի անվան համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, այցելել է համալսարանի գրադարան, ինչպես նաև պարսից լեզվի ուսուցման կենտրոն։
Մասնավորապես քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Ահվազի Շահիդ Չամրանի անվան համալսարանի միջև համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ պարսից լեզվի ուսուցման հնարավորությունը, որն առկա է համալսարանի մասնագիտացված կենտրոնում։
Համաձայնություն է ձեռք բերվել փոխայցերի, համատեղ միջոցառումների, լեզվի դասընթացների կազմակերպման համար։
ՀՀ և ԻԻՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Ահվազի համալսարանում տեղի է ունեցել Երևանի Մատենադարանում պահվող՝ ղաջարական շրջանին վերաբերող մի շարք փաստաթղթերի պատճենների ցուցահանդեսի բացում և այս տարի լույս տեսած մի քանի գրքերի շնորհանդես։
Մասնավորապես ներկայացվել են ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Աֆյանի հեղինակած պարսկերեն-հայերեն, հայերեն-պարսկերեն Դիվանագիտական բառարանը, Աբբաս Էղբալ Մեհրանի «Բարև՛, Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն, ինչպես նաև Գրիգորիս Բալաքյանի «Հայ Գողգոթան», Սերո Խանզադյանի «Շուշին», Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը», որոնք հայերենից պարսկերեն թարգմանել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության թարգմանիչ Նորայր Մեհրաբյանը։
Պատվիրակության անդամները այցելել են նաև Խուզեստանի Տեխնոլոգիական պարկի մի շարք ընկերություններ, քննարկվել են նշված ընկերությունների Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնելու և համագործակցության հնարավորությունները։
Ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ։