Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Արցախում անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
«Մենք անմիջական կապի մեջ ենք ինչպես հիվանդանոցի, այնպես էլ առողջապահության նախարարության հետ: Համատեղ ուժերով փորձում ենք անել հնարավորը ծանր վիճակում գտնվող պացիենտների վիճակը ստաբիլ պահելու, և երբ իրավիճակը հանգուցալուծվի՝ րոպե առաջ նրանց Երևան տեղափոխելու համար»,- ասաց Ավանեսյանը:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ դիմել են միջազգային կառույցներին՝ օգտագործել բոլոր խողովակները, որ հնարավոր դառնա հիվանդների տեղափոխումը Երևան:
Խոսելով դեղորայքի և բժշկական պարագաների պաշարների մասին՝ Ավանեսյանը նշեց.
«Նրանք ռացիոնալ ձևով օգտագործում են պաշարները, դրանք ուղղում են միայն անհրաժեշտ ուղղություններով: Ռեսուրսների նման խնայողաբար օգտագործումը կարևոր է, որ կարողանան հնարավորինս երկար դիմանալ»: