Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը, ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասում զարգացումները եղել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների օրակարգում: Կոնգրեսականները դատապարտել են Բաքվին՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու, Արցախի հայերին ձմռան պայմաններում գազից զրկելու և տարածաշրջանում խաղաղության գործընթացը խափանելու համար:
Արձագանքելով կոնգրեսականների մտահոգություններին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ պատրաստվում է աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ քննարկել Լաչինի միջանցքի հարցը և հորդորել Ադրբեջանի իշխանություններին՝ վերականգնել այդ երթուղով ազատ տեղաշարժը։
Քերըն Դոնֆրիդ (ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ) - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին և ընդգծել, որ Լաչինի միջանցքի փակումը մարդասիրական լուրջ հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղ գործընթացը։ Հավատացած ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով:
Դոնֆրիդն ընդգծել է՝ Վաշինգտոնը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը տարածաշրջանում խաղաղության շուրջ քննարկումների առանցքային մասն է։
Քերըն Դոնֆրիդ - ԱՄՆ-ը խրախուսում է Ադրբեջանին և Հայաստանին՝ բաց չթողնել բանակցությունները շարունակելու հնարավորությունը։ Մենք գործում ենք երկկողմ, եռակողմ ձևաչափերով, համակարգելով գործողությունները ԵՄ-ի և այլ գործընկերների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելը ճիշտ քայլ է և բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից։ Այդ երկու երկրի միջև խաղաղության վերականգնումից հետո մեր գործակցությունն էլ ավելի նշանակալից կդառնա։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նրա ձևակերպմամբ, տասնամյակներ շարունակ հասկանալի պատճառներով վստահության բացակայության կապակցությամբ: Նա, այնուհանդերձ, համոզմունք է հայտնել՝ երկու երկրի միջև խաղաղության հաստատման պատմական հնարավորություն է ստեղծվել:
Քերըն Դոնֆրիդ - ԱԳ նախարարներն աշխատում են խաղաղության համաձայնագրի շուրջ: Նրանք հույս ունեին, որ մինչև այս տարվա վերջ այն իրականություն կդառնա։ Բայց առայժմ հստակություն չկա։ Հուսով ենք՝ նախարարները կրկին կհանդիպեն մինչև տարեվերջ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում նաև սահմանների սահմանազատման և սահմանագծման շուրջ: Զուգահեռաբար քննարկվում է Ղարաբաղում էթնիկ հայերի անվտանգությունը։ Այս ամենը խաղաղության ծրագրի տարրերն են։ Վաշինգտոնը աջակցում է կողմերի միջև կարգավորմանն ուղղված նրանց գործնական մոտեցումներին:
ԴՈՆՖՐԻԴԸ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Դոնֆրիդը հավելել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման շուրջ քննարկումները նույնպես կնպաստեն տարածաշրջանում կայունությանը և տնտեսության զարգացմանը:
Նա անդրադարձել է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում Ռուսաստանի դերակատարմանը, նշել՝ Վաշինգտոնը ճանաչում է Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում:
Քերըն Դոնֆրիդ - Ռուսաստանը շահեր ունի Անդրկովկասում: Ռուս պաշտոնյաները պարբերաբար հանդիպում են հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Սակայն չեմ կարծում, թե Ռուսաստանն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գլխավոր արբիտրն է: Ռուսաստանը շահագրգռված կողմ է տարածաշրջանում, այո, նա գործակցում է: Բայց կարծում եմ, որ ընթացիկ գործընթացների աշխարհագրությունն ավելի լայն է: Նայելով անցած տարվա և դրան հաջորդած իրադարձություններին՝ կարող եք տեսնել Միացյալ Նահանգների դերակատարումն այս գործընթացում: Հայաստանը և Ադրբեջանը դիմել են ԱՄՆ-ին և խնդրել ներգրավվել: Ներգրավված է նաև Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն էլ նպաստեց խաղաղ գործընթացին, վրացական կողմն առաջարկեց շարունակել երկխոսությունը Թբիլիսիում:
Լսումների ընթացքում Դոնֆրիդն անդրադարձել է նաև Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները՝ ընդգծել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ երբեք ավելի ամուր չեն եղել:
Քերըն Դոնֆրիդ - Մենք շարունակում ենք ընդլայնել անվտանգության, ժողովրդավարության և տնտեսության ոլորտներում գործընկերությունը, խորացնել մարդկանց միջ և կապերը: ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունն այս գործընկերության խորացման լավ հարթակ է:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ամփոփելով իր ելույթը նշել է, որ Հարավային Կովկասի ժողովուրդներն իրավունք ունեն ապրելու խաղաղ և բարգավաճ տարածաշրջանում։