ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ԿԻԵՎԻՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է
ՌԴ ԱԳՆ-ից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ Ադրբեջանի կողմից Ուկրաինային «որպես մարդասիրական օգնություն» տրանսֆորմատորների և գեներատորների տրամադրումը տարակուսանք է առաջացնում ռուսական կողմի մոտ։
«Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության շրջանակում ոչնչացնում են Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք Կիևն օգտագործում է ռազմական կարիքների համար: Ադրբեջանական մատակարարումները, որոնք դժվար թե փոխեն իրավիճակը, մարդասիրական օգնություն չեն կարող համարվել»,- նշում է գործակալությունը:
Ավելի վաղ Բաքուն ավելի քան 800 հազար դոլարի էլեկտրական սարքավորումներ է ուղարկել Կիև՝ օգնելու երկրին հաղթահարել ռուսական հարվածների պատճառով ստեղծված էներգետիկ ճգնաժամը:
ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 7 ամսվա ազատազրկման: Նա մեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար։ Դատավճիռը դեռ պետք է հաստատի Վերաքննիչ դատարանը:
Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ Իմամօղլուի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց և պահանջել կառավարության հրաժարականը: Հանրահավաքին ելույթով հանդես է եկել անձամբ Ստամբուլի քաղաքապետը։
«Այս երկիրը արդարության և հույսի կարիք ունի, ձեր հույսը թող ձեզ չլքի»,- դիմել է նա հավաքվածներին:
Ստամբուլի քաղաքապետը համարվում է 2023 թվականին նախագահական ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցներից մեկը։ Նրա դեմ գործ էր հարուցվել 2019 թվականի տեղական ընտրություններից հետո։ Նա հաղթել էր ընտրությունների և՛ առաջին, և՛ երկրորդ փուլերում: Առաջին փուլի արդյունքները, սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել էր: Հաղթանակից հետո Իմամօղլուն «տխմար» էր անվանել իր հաղթանակը չեղարկելու փորձ անողներին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղական Վեդանտ Պատելը հայտարարել է, որ դատարանի որոշումը խոսքի ազատության սահմանափակման դրսևորում է:
«Մեզ լրջորեն մտահոգում են Թուրքիայում քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, քաղաքական առաջնորդների դեմ մեղադրանքները և մինչև դատավարությունը նրանց երկար ժամանակով կալանքի տակ պահելը»,- նշել է պաշտոնյան: