Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Վարչապետին զեկուցել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու նորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց:
«Աշխատանքներն իրականացնելիս պետք է ապահովվի ներդրումների արդյունավետությունը»,- ընդգծել է վարչապետը:
Երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին անդրադառնալով՝ վարչապետը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ստանձնած պարտավորություններին համապատասխան ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ երկարաժամկետ առումով պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական:
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացին, Հայաստան-Վրաստան փոխարկիչ կայանի և Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի, «Մասրիկ-1» էլեկտրակայանի կառուցման ընթացքին, արևային էներգիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետն ընդգծել է զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունավետ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Քննարկվել են արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող կարգավորումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առավել հետևողական լինել հանքերի ապօրինի շահագործման բոլոր դեպքերին, ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ դրանք բացահայտելու նպատակով:
Վարչապետին զեկուցել են, որ Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու պարտավորությունը Կառավարությունը հաջողությամբ իրականացնում է, և այն ամբողջությամբ կամփոփվի 2023-ին: Երևանում արդեն բնակարանի գնման վկայական է հատկացվել 270 ընտանիքի, մարզերում նախատեսում են հատկացնել ևս 194-ին: