Կառավարությունը 2 մլրդ 188 մլն դրամ հատկացրեց 8 մարզի 23 համայնքում սուբվենցիոն 49 ծրագիր իրականացնելու համար:
«Այս տարի 17,7 միլիարդ դրամ Կառավարությունը համաֆինանսավորել, վճարել է մարզպետարաններին, համայնքներին՝ 502 ծրագրի համար»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ մարզերի ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերով բաշխվող գումարները՝ Սանոսյանն ասաց, որ Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար նախատեսված է տրամադրել 7.5 մլն դրամ, Արարատի մարզում 5 ծրագրին՝ 397 մլն դրամ, Արմավիրում 12 ծրագրին՝ 269 մլն դրամ, Գեղարքունիքում 7 ծրագրին՝ 767 մլն, Լոռու մարզում 9 ծրագրին՝ 232 մլն դրամ, Կոտայքում 6 ծրագրին՝ 214 մլն, Սյունիքում 1 ծրագրին՝ 5 մլն դրամ և Վայոց ձորում 8 ծրագրին՝ 295 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր մարզերում իրականացված ներդրումների գումարը հատել է մի քանի հարյուր միլիոն դոլարի շեմը, ինչը կարևոր ցուցանիշ է: Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է իրականացված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ վերանորոգվել է Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի մշակույթի տան տանիքը, կառուցվել է Արարատի մարզի Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերի գազատարը, Արմավիրի մարզի Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղին, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածներում, կառուցվել է Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամուրջը: Արևային կայաններ են տեղադրվել Կոտայքի մարզի Գեղաշեն բնակավայրիի երաժշտական դպրոցի, համայնքապետարանի, «Հեքիաթ» մանկապարտեզի և մշակույթի տան տանիքներին: Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում կառուցվել է խաղահրապարակ-ժամանցի կենտրոն, կառուցվել են Վայոց ձորի Եղեգիս համայնքի Քարագլուխ, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Հորբատեղ, Արտաբունք ոռոգման առուները և այլն:
«Մենք պետք է մարզպետարանների և մեր տեսչական մարմինների միջոցով որակի շատ լուրջ վերահսկողություն իրականացնենք: Որակի վերահսկողությունն առանցքային նշանակություն ունի. հակառակ դեպքում կստացվի, որ այս միլիարդավոր դրամների գումարներն ուղղակի ջուրն ենք լցնում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գնել Սանոսյանը ներկայացրել է որակի վերահսկողություն իրականացնելու առկա մեխանիզմները: Կառավարության ղեկավարը նշել է, որ քաղաքացիները նույնպես պետք է աջակցեն այդ հարցում. «Դա շատ կարևոր է, առանց քաղաքացիների աջակցության շատ դժվար կլինի: Այսինքն՝ և՛ աշխատանքի կատարման ընթացքում, և՛ հետագայում, եթե նկատում են, որ ինչ-որ բան այնպես չի գնում այդ աշխատանքներում, պետք է պատշաճ ձևով տեղեկացնեն տեսչական մարիններին, մարզպետարաններին, լրատվամիջոցներին, որպեսզի մենք կարողանանք լիարժեք վերահսկողություն իրականացնել»: