Այսօր Կառավարության նիստի ընթացքում ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ աշխարհի առաջնությունում 1-3-րդ տեղեր զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ, ազգային թիմերի 2-րդ մարզիչները՝ 1 մլն, 700 հազար և 400 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:
Եվրոպայի առաջնություններում 1-3 տեղերը զբաղեցրած մարզիկները կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն ստանալով 6, 3,6 և 1,4 մլն դրամ: Համապատասխանաբար կկրկնապատկվեն նաև մարզիչների գումարները: Գումարները ներառում են վճարվող հարկերն ու տուրքերը:
«2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ՀՀ-ը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք, դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե և 126-ը՝ բրոնզե: Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին ևս համապատասխան մրցաշարեր են գրանցվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թվականին, երբ մարզիկները նվաճել էին 22 մեդալ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նա տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթով Կառավարությունը հավանություն է տվել նաև մեկ այլ նախագծի, որի արդյունքում «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին վճարվող գումարները կավելանան. յուրաքանչյուրին կտրամադրվի 6 մլն 330 հազար, ներառյալ հարկերն ու տուրքերը: Հարկերը ու տուրքերը վճարելուց հետո յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ընդունված որոշումը և նշեց. «Այո՛, այս տարի սպորտի ոլորտում ունենք շատ շոշափելի հաջողություններ, և դա համարում եմ նաև ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականության արդյունք: Դա կարևոր արձանագրում է հետևյալ տրամաբանությամբ՝ դուք տեղյակ եք, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք ձևակերպել մինչև այդ թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ: Այս տարվա ցուցանիշները նաև ի ցույց են դնում, որ երբ պետությունն աջակցություն է ցուցաբերում ոլորտին, ոլորտը շատ արագ է արձագանքում:
Մենք այս ռազմավարության շրջանակում, այո՛, որոշել ենք կրկնապատկել միանվագ վճարները, որոնք տրվում են Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններին: Մենք ունենք նաև այլ մեխանիզմ՝ նվաճումների հասած մեր մարզիկներին ամենամսյա աջակցություն ենք ցուցաբերում արդեն տարբեր գրադացիաներով:
Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք ունենք այսօր մարզիկներ, որոնք ամիսը 1 միլիոն, 700 հազար, 500 հազար աջակցություն են ստանում ամեն ամիս, բացի այս գումարից: Ուրախ եմ նաև տեսնել, որ իրենց նվաճումների բերումով նման աջակցություն ստացող մարզիկները հետագայում ավելի մեծ նվաճումների են հասնում: Ուզում եմ ասել, որ այս ներդրումը բերում է նրան, որ ՀՀ միջազգային ճանաչելիությունն է բարձրանում, այստեղ շատ շղթայական արդյունքներ կան և, ի վերջո, մեր տաղանդավոր մարզիկներին ենք աջակցում ենք: Մենք այս քաղաքականությունը պետք է շարունակենք»: