Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերատեսչությանն է ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին, Վահրամ Դումանյանին շնորհակալություն հայտնել բարդ ժամանակաշրջանում արդյունավետ աշխատանքի համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարծում եմ՝ նրա նախարարության շրջանում մենք կրթության ոլորտում շատ կարևոր որոշումներ ենք կայացրել, նաև ընդունել ենք մինչև 2030 թվականը կրթության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը, ըստ էության, մեր աշխատանքների ճանապարհային քարտեզն է:
Վահրամ Դումանյան - Անվերապահ աջակցելու եմ տիկին Անդրեասյանին, միշտ պատրաստ: Շատ ընկալելի և ինձ համար շատ լավ ընտրություն է:
Հաջողություն մաղթելով նորանշանակ նախարարին՝ երկրի ղեկավարը նշել է՝ շատ կարևոր է ապահովել այս ընթացքում կատարված աշխատանքի շարունակականությունը: 2.5 տարի փոխնախարար աշխատած Անդրեասյանն էլ ընդգծել է՝ պատրաստ է հաղթահարել մարտահրավերները:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մեր ամենօրյա աշխատանքի խնդիրը պետք է լինի հասնել այդ բոլոր թիրախներին, անել ավելին և միաժամանակ լինել բավարար ճկուն, որպեսզի կարողանանք արձագանքել նոր մարտահրավերներին և նաև մեր երկարաժամկետ թիրախներին ու նպատակներին հասնելու ճանապարհին իրականացնել նաև այն ամբողջ աշխատանքը, որը կպահանջվի ընթացիկ բոլոր խնդիրներին արձագանքելու համար:
Վարչապետն անդրադարձել է նախարարության գործունեությանը և առաջնահերթություններին, նշել՝ ապագայի նախագծման ամենամեծ առաքելությունը կապում է հենց այս կառույցի հետ:
ԱՅՍ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ՄԻՋՈՑ ՉՊԵՏՔ Է ԽՆԱՅԵՆՔ. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյան - Մեր տրամադրվածությունն այն է, որ այս ոլորտի համար որևէ միջոց չպետք է խնայենք: Իհարկե, մեր երկրում ռեսուրսները և միջոցները սահմանափակ են, պարզ է, որ օպերատիվ առաջնահերթությունները բազմաթիվ են, բայց ես ուրախ եմ, որ մենք քաղաքական կամք են դրսևորել, այսպիսի մեծ նախագծեր ենք իրականացնում և պիտի դեռ իրականացնենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում՝ համարելով, որ դա ամենակարևոր ներդրումն է ապագայի մեջ:
Վարչապետը կարևորել է նաև գյուղական բնակավայրերում կրթահամալիրների կառուցման ծրագիրը, անդրադարձել տաղանդների աջակցության պետական հիմնադրամի ստեղծման գործընթացին, նշել՝ այդ հիմնադրամը պետք է ձևավորվի և՛ պետական, և՛ մասնավորի միջոցներից և պետք է կառավարվի ոչ պետական մեխանիզմներով, բայց միևնույն ժամանակ հաշվետու լինի Կառավարությանը և հանրությանը:
Նիկոլ Փաշինյան - Այդ հիմնադրամի նպատակը լինելու է բոլոր ոլորտներից փնտրել, գտնել տաղանդներ և աջակցել նրանց: Ընդ որում՝ դա կարող է լինել նույնիսկ նախադպրոցական փուլից, և մենք պետք է բոլոր տաղանդներին ուղեկցենք մինչև անհատական և երկրի համար հաղթանակներ, քանի որ մեր կանխավարկածն այն է, որ բոլոր երեխաները և մարդիկ, առանց բացառության, տաղանդավոր են: Սա պետք է մեր ռազմավարական ընկալումը լինի»:
Ֆիզիկական ենթակառուցվածք, բովանդակային ենթակառուցվածք և մասնագիտական ներուժ. դպրոցի համար անհրաժեշտ երեք կարևոր բաղադրիչն է նշել վարչապետն ու ընդգծել՝ հայեցակարգային և ռազմավարական պլանավորումն ամբողջովին իրականացված է: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մնում է լծվել գործի, որ մինչև 2026 թվականը այդ չափորոշիչներին համապատասխան 300 դպրոց կառուցված լինի մեր երկրում: Հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն. վարչապետը խոսել է նաև այդ համակարգում սպասվող բարեփոխումների մասին:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ ընդգծել Ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը, որը կրկին՝ մեզ համար բացարձակապես շենքի հարց չէ: Այն, առաջին հերթին, բովանդակության հարց է, մեր գիտության և կրթության ինտեգրման նախագիծ է, մեր կրթական ծառայությունները միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու ռազմավարական ծրագիր:
Խոսելով մշակույթի ոլորտի մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ նույնպես բարդություններ կան: Ըստ վարչապետի՝ պատմամշակութային հուշարձանների կառավարման նոր մոտեցում է պետք:
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է այստեղ որոշումներ կայացնենք, պետք է վերցնենք պատասխանատվությունը և չխուսափենք նաև քննադատությունից, որովհետև նաև այս վիճակի համար կոմֆորտ է՝ ոչ ոքի չեն քննադատում, ոչ ոք չի մոտենում, չենք էլ նկատում, որ այնտեղ աղբակույտեր են ձևավորվում, բոլորս հանգիստ ապրում ենք: Եկեք հանգիստ ապրելու հասկանալի այդ մղումը հաղթահարենք, մանավանդ որ, ցավոք, դա հասանելի չէ ո՛չ մեզ անհատապես, ո՛չ մեր երկրին, և այդ հանգիստ ապրելու իրավունքը ժամանակակից աշխարհում դեռ պետք է նվաճել:
Տարբեր ոլորտներ համակարգող նախարարությունում սպորտից մինչև մշակույթ Կառավարության տեսլականը ներկայացնելով՝ վարչապետը շեշտել է, որ նախարարության այս կառուցվածքը համապատասխանում է իրենց տեսլականին և նպատակին: