Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անժամկետ նստացույց է սկսել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Նստացույցը տարբեր պահանջներով է, որոնց մի մասն ուղղված է միջազգային հանրությանը, մյուս մասը՝ Հայաստանի հասարակությանն ու Սփյուռքին: Գլխավոր պահանջը ՄԱԿ-ին է հասցեագրում:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետնախարարի խորհրդական) - Որպեսզի իրենք հստակ գործողություններ անեն Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:
Բեգլարյանը կարծում է, որ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և տրվեն հստակ երաշխիքներ: «Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը), ինչպես նաև Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ»: Սա էլ միջազգային հանրությանն ուղղված նրա երրորդ պահանջն է:
Բեգլարյանն ընդգծում է՝ Արցախի շրջափակումը և գազամատակարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է:
Արտակ Բեգլարյան - Սա ամբողջ մի ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է: Ի դեպ, ոչ միայն հոգեբանական ահաբեկչություն, այլ նաև կենսական կարիքների, կենսական իրավունքների ու շահեի տեսանկյունից ահաբեկչություն է ու սա տանում է դեպի ոչնչացման ու էթնիկ զտման Արցախի հայ բնակչության: Հետևաբար սա ՄԱԿ-ի պարտավորությունն է, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի, այդ թվում՝ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի շատ արագ արձագանքելու, այլապես կարող է ուշ լինել և իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի:
Հայաստանյան հասարակությունից էլ նստացույց սկսած Արտակ Բեգլարյանն ակնկալում է, որ տարբեր խմբեր՝ քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, գիտնականներ, գործողություններ ձեռնարկեն, բողոքի ցույցեր անցկացնեն առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատների մոտ:
Արտակ Բեգլարյան - Ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, ես նպատակ ունեմ կայծ տալու, լիցք տալու մեր հասարակությանը, որ մարդիկ հասկանան՝ իրոք մենք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնել՝ Արցախի 120 հազար բնակչությունը:
Նույնատիպ ուղերձով դիմում է Սփյուռքին՝ համախմբվելու, իրենց հյուրընկալած երկրների կառավարություններից պահանջելու գործողություններ ու սանկցիաներ Ադրբեջանի հանդեպ և ոչ թե միայն հայտարարություններ՝ երբեմն անատամ ու անհասցե: Սկսել իրազեկման արշավներ, այդ թվում լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելով Արցախի հայության կարիքների ու ադրբեջանական հանցագործությունների վրա:
Արտակ Բեգլարյանն էլ, հարյուրավոր արցախցիների նման, Լաչինի միջանցքը փակվելուց հետո մնացել է Հայաստանում: Իսկ բողոքի այս ցույցից առաջ արձակուրդ է վերցրել և նշում է՝ իր այս գործողությունը պաշտոնի հետ կապել պետք չէ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան