2022-ԻՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 100 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
2 միլիարդ 188 միլիոն դրամ գործադիրն ուղղեց սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը: 8 մարզի 23 համայնքում 49 ծրագիր է իրականացվել՝ զեկուցեց նախարար Սանոսյանը: Տարեվերջին աշխատանքներն ավարտվում են, հայտեր կան, ևս մեկ հատկացում էլ հավանաբար հաջորդ նիստին կլինի՝ ասաց պատասխանատուն:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում մենք կունենանք արդեն, որ այս տարի 17.7 միլիարդ դրամ Կառավարությունը համաֆինանսավորել, վճարել է մարզպետարաններին. դրանք 502 ծրագրի համար են:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա նշանակում է, որ էս տարի էլ մոտավորապես 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվել մարզերում:
Գազիֆիկացում, ոռոգման, խմելու ջրի, կոյուղու կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների հիմնանորոգում, արտաքին լուսավորության ապահովում, փողոցների ասֆալտապատում, խաղահրապարակների կառուցում. վարչապետը ներկայացրեց այս փուլի հատկացման արդյունքում իրականացված աշխատանքները: Երբ հասավ Լոռիին, նկատեց.
Նիկոլ Փաշինյան - Երեկ ես տեղեկացա, որ Վանաձորի ավագանին վերջապես քաղաքի բյուջե ընդունել է, և Վանաձորում սուբվենցիոն ծրագրերը մենք դեռ նախորդ տարի ենք պայմանավորվել, որ պետք է ակտիվացնենք, բայց անընդհատ էնտեղ ինչ-որ իրադարձություններ էին, խանգարում էին: Պետք է ակտիվ աշխատել, որ պատշաճ ձևով ակտիվանան:
Արվող գործը պետք է նաև պատշաճ որակ ունենա, տեսչականներն այստեղ լուրջ վերահսկողություն պետք է անեն՝ շեշտեց վարչապետը, քաղաքացներին էլ կոչ արեց ակտիվ լինել: Սանոսյանն արձագանքեց՝ գլխավոր հսկիչը համայնքն է, բայց զուգահեռ աշխատում են նաև տեսչականները: Կա մշտադիտարկում թե՛ ընթացքում, թե՛ ավարտին:
Նիկոլ Փաշինյան - Որակի վերահսկողությունը, էլի ուզում եմ կրկնել, որ առանցքային նշանակություն ունի, հակառակը կստացվի, որ մենք էս գումարները՝ միլիարդավոր դրամների, ուղղակի ջուրն ենք լցնում:
Գնել Սանոսյան - Այս տարվա նորությունն այն է, որ մենք երաշխիքային ժամկետում գտնվող ծրագրերը նույնպես մշտադիտարկման տակ կպահենք, այսինքն՝ եթե 3 տարվա երաշխիք ունի, ապա այդ հատվածում կստուգենք, եթե առաջանա խնդիր, շինարարը պարտավոր է վերականգնել:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ «ՔՕԱՖ ՍՄԱՐԹ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
Օրակարգային մյուս հարցով Սանոսյանն առաջարկեց Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում 88 հա հողատարածք նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Լոռվա Դեբեդից հետո ՔՕԱՖ-ը այդտեղ երկրորդ մեծ էկոհամակարգային ծրագիրը կիրականացնի՝ մինչև 2028 թվականը 5.5 միլիարդի ներդրում անելով:
Գնել Սանոսյան - ՔՕԱՖ սմարթ ուսումնական կենտրոն կլինի, համագումարների կենտրոն, միջոցառումների կենտրոն և սրճարան, նորարարական գյուղատնտեսության բազմակողմանի զարգացման նախաձեռնություններ:
Այդ ու մյուս ծրագրերով ՔՕԱՖ-ը կաջակցի մարզի զարգացմանը՝ հետագայում տարածքն ընդլայնելով մինչև 120 հա-ի՝ նշեց նախարարը: Բարեգործական հիմնադրամը 2014-ին իր գործունեությունը հենց Արմավիրից էր սկսել:
Գնել Սանոսյան - Առնվազն 300 երեխա կսպասարկվի կամ կհաճախի, և կստեղծվի առնվազն 100 աշխատատեղ: Կարծում եմ՝ սա նույնպես կարևոր է մեր գյուղական համայնքներում:
Հիմնադրամի հետ այժմ քննարկում են նաև Սյունիքում նման երկու խոշոր ծրագրի իրականացման գաղափարը՝ նշեց Սանոսյանը: Հարավային մարզում՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական 31 բնակավայրում, 13 կրթահամալիրի ձևավորման ծրագրին էլ է ՔՕԱՖ-ն աջակցում՝ հավելեց նորանշանակ նախարար Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Եթե բոլոր աշխատանքները նախատեսված ժամկետներում իրականացվեն, ապա մենք Սյունիքում կունենանք մի ամբողջական միջավայր, որտեղ մեր երեխաները կունենան թե՛ դպրոցական և նախադպրոցական որակյալ ծառայություններ, թե՛ նաև դրանից հետո՝ արտադպրոցական՝ ոչ ֆորմալ կրթական ծառայությունների հնարավորություններ:
Սմարթ կենտրոնները ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար են: Մասնագիտական վերապատրաստման առումով սա շատ կարևոր է՝ նկատեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Կրթության, մասնագիտական կրթության ոլորտում Կառավարությունը շատ մեծ ներդրումներ է անում և պատրաստվում է շարունակաբար անել այդ ներդրումները: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ նման հիմնադրամների աջակցությամբ, ինչպիսին են «Հայաստանի մանուկներ», «Թումո» հիմնադրամները, մենք պետք է համագործակցության բանաձև ստեղծենք, որպեսզի արդյունավետ կերպով ծածկենք ամբողջ հանրապետությունը, դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորությունները հնարավորինս ընդլայնելով, որովհետև դա մեր մարդկային ռեսուրսների զարգացման շատ կարևոր ենթակառուցվածք է, որը մենք պետք է ստեղծենք:
ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ
Զեկուցվող երրորդ հարցով գործադիրը կրկնապատկեց չեմպիոն դարձած մարզիկներին տրվող միանվագ գումարը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում այս տարի աննախադեպ արդյունք ենք ունեցել՝ 300 մեդալի սահմանագիծը հատել ենք՝ փաստեց նախարար Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 միլիոն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 միլիոն դրամ, Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղը զբաղեցրած մարզիկները նույնպես կկրկնապատկեն իրենց մրցանակները՝ 3, 1,8 և 1,2 միլիոն դրամի փոխարեն ստանալով 6, 3,6 և 2,4 միլիոն դրամ:
Գումարի կրկնապատկում կունենան նաև մեդալակիր մարզիկների անձնական ու ազգային հավաքականների գլխավոր մարզիչները՝ ասաց նախարարը: Որոշման շահառուներն այս պահին 170-ն են: Կարևորելով սպորտի շարունակական զարգացումը՝ վարչապետն էլ նկատեց՝ երբ պետությունն աջակցում է ոլորտին, արդյունքներն արագ տեսանելի են դառնում:
Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք նաև այլ մեխանիզմ, նաև նվաճումների հասած մեր մարզիկներին ամենամսյա աջակցություն ենք ցուցաբերում: Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք ունենք այսօր մարզիկներ, որոնք ամիսը 1 միլիոն, 700, 500 հազար դրամ ամեն ամսի աջակցություն են ստանում՝ բացի այս գումարից, և ուրախ եմ տեսնել նաև, որ իրենց նվաճումների բերումով նման աջակցություն ստացող մարզիկները, հետագայում ավելի մեծ նվաճումների են հասնում:
Փոփոխությունն արվում է նաև Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ թիրախավորված նպատակին հասնելու համար՝ 28 տարում ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ՝ նշեց Փաշինյանը: Աջակցության պարբերական ավելացումները, ըստ վարչապետի, թույլ կտան նաև, որ մարզիկը կենտրոնանա միայն սպորտի վրա:
Նիկոլ Փաշինյան - Ես էս վերջերս շատ զարմանքով իմացա, որ մենք նաև էդպիսի դեպքեր ունենք, որ մեր աշխարհի չեմպիոնները, օրինակ, մարզումների արանքում կարող են տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, որ կարողանան իրենց ընտանիքների կարիքները հոգալ: Կարծում եմ, որ շատ կարևոր որոշում է, նամանավանդ որ մենք տեսնում ենք՝ արդյունքները կոնկրետ են:
Չզեկուցվող հարցերից մեկով էլ որոշվեց՝ կավելանան նաև «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին վճարվող գումարները՝ կազմելով 5 մլն դրամ: