«Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի»,- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախարարական հանդիմպան ժամանակ արձանագրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընդգծելով հանձնառությունների կատարման կարևորությունը: Քննարկման թեման էր՝ «Նոր կողմնորոշում՝ բարեփոխված բազմակողմանիության համար»: Միրզոյանը փաստել է՝ Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Այդ բազմակողմանիությունը պարզեցված եզրույթներով նա անվանել է «փոխադարձ համաձայնության վրա հիմնված հանձնառությունների հասնելու և հետևելու կարողություն»:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին՝ միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերով հակամարտության հնարավոր կարգավորումը: Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների:
Մեր երկրի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, ավելացնում է ռազմական հռետորաբանությունը, սպառնում մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Դեկտեմբերի 12-ից էլ փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը:
Արարատ Միրզոյան - Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլև այնտեղ բնակվողների մուտքն է արգելափակված: Մինչ մենք այս քննարկումն ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը:
Լեռնային Ղարաբաղը կանգնած է ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի՝ ասել է Արարատ Միրզոյանը: Հավելել՝ նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, թե իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Բայց, ընդգծել է նախարարը, այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները:
Արարատ Միրզոյան - Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։
Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը Միրզոյանը ներկայացրել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը փաստել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը խաթարում է Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Նա միաժամանակ վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։
Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը Միրզոյանը ընդգծել է նաև Հնդկաստանի գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպմանը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան