Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ըստ հիմնավորման՝ այն կնպաստի հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության հաստատմանը և կապերի ամրապնդմանը: Կողմերն իրենց ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում կնպաստեն կրթական համակարգի գործունեության զարգացմանը՝ համագործակցելով դպրոցների կառավարման, ուսուցիչների վերապատրաստման ու մասնագիտական զարգացման, սովորողների կրթական կարիքների համար աջակցության, դասավանդման կիրառվող կամ մշակված տեխնոլոգիական գործիքների փոխանակման և այլ ուղղություններով:
Համաձայնագիրը կնպաստի դպրոցական աշակերտների և ուսուցիչների պատվիրակությունների փոխադարձ այցելությունների իրականացմանը, դպրոցական՝ գիտական, կրթական, գեղարվեստական և գրական համատեղ ցուցահանդեսների կազմակերպմանը: Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի նաև Հայաստանի և Կատարի ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, երկու երկրների ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականների և դիպլոմների ակադեմիական ճանաչման և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ձեռք բերված արդյունքների, գիտական և կրթական տեղեկատվության փոխանակմանը: