Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում էականորեն կբարձրանա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի արդյունավետությունը: Կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածով նախատեսված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների մեջ ներառել նաև բանած գազերում ազոտի օքսիդների պարունակության ստուգումը, տեխնիկական արատորոշման միջոցների ցանկում ներառված, ավտոտրանսպորտային միջոցների բենզինային և դիզելային շարժիչների արտանետումների մակարդակների չափման համար նախատեսված գազաանալիզատոր սարքին ներկայացվող պահանջները լրացնել ածխածնի երկօքսիդի և ազոտի օքսիդների մասով չափման սահմանը և առավելագույն սխալանքը սահմանող պարամետրերով, իսկ ածխածնի օքսիդի և ածխաջրածինների մասով սահմանել նոր, ժամանակակից ու առավել ճշգրիտ սարքավորումների կողմից ապահովվող նոր պարամետրերով: Նախատեսվում է նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտում նշվող վնասակար նյութերի շարքում ներառել նաև ածխածնի երկօքսիդը և ազոտի օքսիդները։
Կարգավորման ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2024 թ. հունվարի 1-ին, ինչը տեխնիկական զննության կայաններին հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տեխնիկական վերազինում, իսկ տրանսպորտային միջոցների սեփականատերերեին ու շահագործողներին՝ այդ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Արդյունքում՝ կմեծանա ավտոտրանսպորտային միջոցների թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի սարքինության մակարդակը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որի բաժինը, ըստ տարբեր ուսումնասիրությունների, մթնոլորտային օդ արտանետումների մեջ կազմում է 66,5 %։ Տրանսպորտային միջոցներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73,0 %-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդներին, 16,6 %-ը՝ ցնդող օրգանական միացություններին, 10,0 %-ը՝ ազոտի օքսիդներին, 0,4 %-ը՝ այլ նյութերին։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել ՀՀ-ից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում հանրապետության տարածքից նկատվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար հանվում և վաճառվում են վերոհիշյալ կատալիզատորները, հետագայում դրանց վերամշակման արդյունքում թանկարժեք մետաղներ, (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) առանձնացնելու նպատակով։
Մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ-ից այդ ապրանքատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 81481,0 հազ․ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ՌԴ՝ 80716,0 հազար դոլար, Լիտվա՝ 335,0 հազ․ դոլար և Գերմանիա՝ 204,0 հազ. դոլար, 2021 թ.՝ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է կազմել է 732,0 հազ․դոլար, այդ թվում՝ Լիտվա՝ 479,0 հազ. դոլար ՌԴ՝ 157,0 հազ. դոլար, ԱՄՆ՝ 80,0 հազ. դոլար։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի նաև խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակման համար օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։