Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի սերտ տնտեսական համագործակցություն, ռազմավարական գործընկերություն և, ամենակարևորը, բարեկամություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրաց-ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում:
Նրա խոսքով՝ Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունները եզակի են, որոնք փորձված են վերջին տարիների և դարերի ընթացքում:
«Մենք ամուր բարեկամություն և բարիդրացիական հարաբերություններ ունենք։ Մենք ուրախ ենք, որ մի քանի շաբաթ առաջ ընդունել ենք Իլհամ Ալիևին: Դա շատ կարևոր այց էր Վրաստան։ Մենք քննարկել ենք ընթացիկ ռազմավարական ծրագրերը, նախանշել ենք այն ծրագրերը, որոնց մասին այսօր կշարունակենք խոսել»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ օրինակելի գործընկերությամբ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են նպաստել կայունությանը Հարավային Կովկասում։
«Դա մեր ընդհանուր նպատակն է, կայուն տարածաշրջան տեսնելու մեր ընդհանուր ցանկությունը, որը հիմք կհանդիսանա ավելի մեծ տնտեսական զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։