Արցախահայերն այսօր բողոքի ցույցեր են իրականացրել Հայաստանում ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիային մասնակցում են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Բողոքի ակցիաներ անցկացվելու են նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների առաջ։
Արցախցիները հասցեական գնահատականներ են ակնկալում դեսպանատներից՝ նշելով՝ միջազգային հանրության արձագանքը կարող է կանխել Ադրբեջանի գործողությունները:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետնախարարի խորհրդական) - Բացի ցամաքային միջանցքից՝ մենք պետք է ունենանք նաև օդային միջանցք, և սա միջազգային հանրության պարտավորությունն է, ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ-ի, մնացած բոլոր երկրների ու հատկապես ՄԱԿ-ի ԱԽ-ի:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Կարելի է ասել՝ այդ հայտարարության գրեթե բոլոր դրույթներն արդեն իսկ խախտված են: Արդեն 4-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը զրկված է սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքի ներմուծումից: