Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, որը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ կարևորել է նրանց դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնման հարցում, ապա անդրադարձել է հատկապես իրավակիրառ պրակտիկայում առաջացող խոչընդոտներին։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան։
Տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքները և առաջարկները։
Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրել է հաշմանդամության կամ հիվանդության հիմքով խտրականության դրսևորման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ՄԻԵԴ դիրքորոշումն ու խտրականության դեպքերի բացահայտման մեխանիզմները։
«Եվրոպական հաշմանդամության ֆորում» կազմակերպության ներկայացրուցիչ Հայդն Համերսլին իր հերթին խոսել է Եվրոպական հաշմանդամության ռազմավարության վերաբերելի դրույթների մասին, կարևորել հավասար հասանելիությունը և խտրականության բացառումը։
Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը՝ քննարկվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցեր, նշվել է, որ իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը կուղարկվեն միջազգային իրավասու կազմակերպություններին։
Խորհրդի նիստը կազմակերպվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։
Սույն ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» (2019-2022) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից։