Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել տարեկան ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն։ Ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների՝ 2022 թվականին իրականացված աշխատանքները։ Քննարկվել է նաև 2023 թվականի միջոցառումների համալիր ծրագիրը։
ՀԿԱԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են իրենց բաժինների՝ ընթացիկ տարվա գործունեության արդյունքներն ու ներկայացրել իրականացված միջոցառումները։
Արձանագրվել է, որ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների տարեկան պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են, առանձին ծրագրեր էլ կշարունակվեն հաջորդ տարի։ Համադրելի ցուցանիշներով՝ նախորդ տարիների համեմատ՝ բոլոր բաժիններում իրականացված պլանավորված ու արտահերթ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների աճ է գրանցվել։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի քննարկման և կարիքների գնահատման արդյունքում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ գալիք տարում նախատեսված միջոցառումների հետևողական և պատշաճ իրագործման, ինչպես նաև Ծառայության բնականոն գործունեության, արդյունավետ աշխատանքի ապահովման ուղղությամբ։
Գլխավոր հարկադիր կատարողը ցուցում է տվել 2023 թվականին իրականացման ենթակա միջոցառումների ծրագիրը մշակելիս ելակետ ընդունել նաև ներկայումս մշակվող՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների ուղղություններն արտացոլող հայեցակարգը։
Առանձնահատուկ շեշտվել է 2023 թվականին ևս իրականացնել հարկադիր կատարողների վերապատրաստումները, ինչպես նաև Կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով և Դատական և իրավական բարեփումների 2022-2026 թթ․ ռազմավարությամբ նախատեսված հարկադիր կատարման ոլորտին վերաբերող միջոցառումները։