«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:
Հայտարարության մեջ ասվում է.
««Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ ադրբեջանա-ռուսական գործողությունները Բերձորի միջանցքում միտված են համարժեք միջանցք Սյունիքում ստանալու խնդրի լուծմանը։
«Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը բանակցային թեմա չի համարում և իր աջակցությունն է հայտնում Հայաստանի իշխանությանը նման տարբերակները կարմիր գիծ համարելով՝ բացառելու առումով։
Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների նախագահներին՝ ԱԽ նիստ հրավիրելու և արցախահայությանը նվազագույնը 10 տարվա անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրելու խնդրով՝ ՄԱԿ-ի մանդատով միջազգային խաղաղապահների տեղակայումով։
«Հանրապետություն» կուսակցությունը իր համախոհությունը և հարգանքն է հայտնում Արցախի հերոսական ժողովրդին՝ վստահ նրա դիմադրունակությանը, 1988-ին սկսած պայքարը հաջողությամբ ավարտելու կամքի ու վճռականության վրա։
Շարունակելու ենք մեր ուժերը ծառայեցնել այդ պայքարին»: