ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) մեկնարկում է հնգամյա ծրագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում:
Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «Դիվելոփմենթ Պրոֆեշնլս Ինկ.» (Development Professionals, Inc.) կազմակերպությունը։
«ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանի՝ Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ լուծելու արդարադատության հիմնարար գործունեությունը խաթարող խնդիրները՝ դատական գործերի կառավարման համակարգի ցածր արդյունավետությունը, դատարանների գերծանրաբեռնվածությունը և որոշումների թափանցիկության ոչ բավարար մակարդակը»,- ծրագրի պաշտոնական բացմանն իր ելույթում ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Ծրագիրը կխթանի դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը՝ հզորացնելով դատարանների, ոլորտի ինքնակարգավորման մարմինների և կրթական հաստատությունների կարողությունները, ինչպես նաև կուժեղացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման բազմաշահառու վերահսկումը։
Ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան այլ հյուրեր, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները։