Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում արդյունավետ համագործակցության դերը՝ ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այդ մասին ասված է Կառավարության Ֆեյսբուքի էջում:
«Փաստաթուղթը կնքվել է երկու երկրների իրավասու մարմինների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի կողմից։
Հուշագրով կանոնակարգվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Հուշագրի շրջանակում ՀՀ կառավարությունը հանձն է առել ապահովել աշխատողների հավաքագրումն ու Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու նախապատրաստումը, աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն։
Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունն, իր հերթին, պարտավորվել է պաշտպանել ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների իրավունքները` համաձայն երկրում գործող օրենքների: ԱՄԷ կառավարությունը հանձն է նաև ապահովել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի ու զբաղվածության համապատասխանեցումը երկրում գործող օրենքներին, ընթացակարգերին, և կանոնակարգերին։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել համակարգող հանձնաժողով, որը 6 ամսվա ընթացքում կապահովի, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից ԱՄԷ մեկնելը ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից:
Հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, կողմերի իրավասու մարմինները կստորագրեն նաև իրականացման ընթացակարգերը»,- նշված է գրառման մեջ: